ՀՀ Սահմանադրությամբ ցանկացած անձի երաշխավորվում է դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: Դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարրերից մեկն է հանդիսանում է դատական ակտերի բողոքարկման և դրա վերանայման իրավունքը: Դատական համակարգի վերին օղակը (բացի սահմանադրական արդարադատության հարցերից) հանդիսանում է ՀՀ վճռաբեկ դատարանը, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանումը, ինչպես նաև ուղղելու ստորադաս դատարանների թույլ տված սխալները: ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումի ընդունելության և դրա վերադարձման վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը ՀՀ վճռաբեկ դատարանին հնարավորություն են տալիս ձևավորել այնպիսի դատական պրակտիկա, համաձայն որի` բողոքները վերադարձվում են առանց քննության (գործը վարույթ ընդունելու), անձանց բողոքներում առկա թերությունները մատնանշելու և դրանք վերացնելու ժամկետ սահմանելու:
Վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է ստուգվեն ներկայացված փաստաթղթերի ձևին և բովանդակությանն առաջադրված պահանջների պահպանված լինելու հետ կապված հարցերը: Վեճի վերաբերյալ նյութաիրավական բնույթի հարցերին, մասնավորապես` բողոքը բերած անձի իրավունքների խախտված լինելու կամ չլինելու հարցին դատարանը պետք է անդրադառնա միայն գործի ըստ էության քննության ժամանակ, որի արդյունքում է միայն հնարավոր պարզել դատական պաշտպանության դիմած անձի իրավունքների խախտված լինելու կամ չլինելու հանգամանքը, ինչպիսի հանգամանքը հաճախ անտեսվում է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից:
Միջազգային պրակտիկան վկայում է, որ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ` օրենսդրորեն նախատեսված, հստակ և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն: Վճռաբեկ բողոքի թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար վճռաբեկ դատարանի կողմից ժամկետների սահմանումը պետք է հետապնդի դատական պաշտպանության իրավունքի իրականացման ապահովման, այլ ոչ թե այդ իրավունքի սահմանափակման նպատակ: Ժամկետ չսահմանելը չի կարող բացառել օրենքով իսկ սահմանված ժամկետում թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու իրավունքը (առնվազն մեկ անգամ` բարեխղճորեն օգտվելով դատավարական իրավունքներից): Վճռաբեկ դատարանը չի կարող իրագործել թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար ժամկետ սահմանելու կամ չսահմանելու իրավունքը` առանց պատճառաբանություններ նշելու: Այսինքն վճռաբեկ բողոքի թերությունները վերացնեու համար վճռաբեկ դատարանի կողմից ժամկետ սահմանելու հայեցողական լիազորության իրավաչափ և ոչ կամայական իրականացման ապահովմանը միտված անհրաժեշտ իրավական երաշխիքներն օրենսդրորեն ոչ լիարժեքորեն ամրագրված լինելու պարագայում, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից երբեմն հանգեցնում է կամայական դրսևորումների, ինչն էլ խախտում է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով երաշխավորված դատական արդյունավետ պաշտպանության սահմանադրական սկզբունքները:
ՀՀ Սահմանադրական դատարանի 2008 թվականի մայիսի 27-ի կայացված որոշմամբ արձանագրվել է, որ մի կողմից չեն ստեղծվել վերոհիշյալ հայեցողական լիազորության իրավաչափ իրականացումն ապահովող իրավական երաշխիքներ, մյուս կողմից` վիճարկվող դրույթով բացառվել է կրկին վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորություն այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը չի սահմանում բողոքի թերությունները շտկելու համար ժամկետ: Այսինքն` բացակայում են ինչպես հայեցողական լիազորության կամայական իրականացումը կանխելու երաշխիքները, այնպես էլ այդ հայեցողական լիազորության ոչ իրավաչափ իրականացումը հաղթահարելու միջոցը: Հարկ է նշել, որ դատարանի մատչելիությունն ապահովելու անհրաժեշտությունը ենթադրում է, որ բողոքի թերությունները չեն կարող խոչընդոտել դրա քննության ընդունման հարցի դրական լուծմանը և կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրականացման հնարավորությունը: Մինչդեռ վճռաբեկ բողոքի պարագայում վճռաբեկ բողոքի թերությունները շտկելու հնարավորության օգտագործումը կախվածության մեջ է դրված վճռաբեկ դատարանի հայեցողությունից և այդ հայեցողության կամայական դրսևորման դեմ բացակայում է արդյունավետ պաշտպանության որևէ միջոց: Նման պայմաններում, ի խախտումն վերոհիշյալ իրավակարգավորման հիմքում ընկած տրամաբանության, վիճարկվող դրույթի կիրառումը թույլ է տալիս այնպիսի վիճակի առաջացման հնարավորության, երբ բողոքի թերությունները կարող են խոչընդոտել անձին իրականացնելու դատական ակտը բողոքարկելու իր իրավունքը և հետևաբար` նաև դատարանի մատչելիության իրավունքը: Իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ վճռաբեկ դատարանի կողմից նշված խնդրի հետ կապված հայեցողական լիազորության իրականացումն առանձին դեպքերում կրում է ոչ իրավաչափ և կամայական բնույթ:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտի սահմանադրականությունը որոշելիս դատարանը գնահատում է ինչպես այդ ակտը, այնպես էլ ձևավորված իրավակիրառական պրակտիկան: Սահմանադրական դատարանը, անդրադառնալով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը առանց պատճառաբանման և առանց վճռաբեկ բողոքում առկա թերությունները վերացնելու համար ժամկետ սահմանելու վերադարձման հարցին հակասահմանադրական է ճանաչել հիշյալ դրույթը, սակայն պրակտիկայում շարունակվում են ՀՀ վճռաբեկ դատարանի գործողությունները, որոնք հակասում են ՀՀ Սահմանադական դատարանի դիրքորոշմանը: Կարելի է փաստել, որ դրա համար առկա են 2 նախադրյալներ`1) իրավական, 2) սուբյեկտիվ:
Իրավական նախադրյալի էությունը կայանում է նրանում, որ դատական ակտը նոր հանգամանքներով (դրանց թվին է դասվում նաև տվյալ հարցով ՀՀ ՍԴ-ի կայացրած որոշումը) վերանայելու առումով սահմանված է եռամսյա ժամկետ` սկսած ՍԴ-ի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից (ՀՀ ՔԴՕ 204.34 հոդվածի 2-րդ մաս): Այսինքն այն պարագայում, երբ վճռաբեկ դատարանը անտեսում է կամ չի կատարում ՀՀ ՍԴ-ի որոշման պահանջները (ինչպես դա առկա է վճռաբեկ բողոքը վերադարձնելու հարցի հետ կապված) և ՍԴ-ի որոշման կայացումից հետո անցած է լինում նշված եռամսյա ժամկետը անձը իրավական առումով զրկվում է դատական պաշտպանության (որի անբաժանելի բաղկացուցիչ մասն է հանդիսանում նաև դատական ակտի բողոքարկման և վերանայման իրավունքները) սահմանադրական սկզբունքից, ինչը անձի իրավունքների կոպիտ ոտնահարում է:
Սուբյեկտիվ նախադրյալների ներքո կարելի է դիտարկել ՀՀ Սահմանադրական դատարանի «իրավակիրառական պրակտիկայի սահմանադրականությունը որոշելու» և ՀՀ վճռաբեկ դատարանի «օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու» ինստիտուտների բախումը, որը հատկապես ցայտուն է դրսևորվում ՀՀ վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունների համատեքստում: Բացի այդ, նշված պարագայում առաջանում է նաև դոմինանտության և հեղինակության և իրավահաստատման խնդիր, որի մրցավազքում կողմերից և ոչ մեկը չեն ցանկանում գնալ կոմպրոմիսի և ամեն կերպ ցանկանում են հակառակվել միմյանց կարծիքին և առաջ տանել սեփական իրավացիությունը, սակայն արդյունքում տուժում են քաղաքացիները և անձանց իրավունքների պաշտպանության մակարդակը: