Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ Մարտին Սարոյանի շարունակվեց թիվ ՇԴ/0122/01/12 քրեական գործի քննությունը ըստ մեղադրանքի` Լ. Գալստյանի ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար:
.
Սույն քրեական գործով մեղադրյալ Լ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2006-2011թթ. աշխատելով Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցում աշխատելով որպես գործավար-քարտուղարուհի, յուրացրել է իր վստահությանը հանձնված 1.000.000 ՀՀ դրամի արժողության բենզինի և վառելիքի կտրոնները, հիվանդանոցին պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս:
.
Դատարանում մեղադրանքը պաշտպանում էր Շիրակի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արտյոմ Ավետիսյանը:
.
Սույն քրեական գործով տուժող` Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի վարչական մասին տնօրեն Հայր Մարիո Կուկարոլլոն իր թարգմանի հետ ներկա էր դատական նիստին:
.
Քանի որ դատարանը ավարտել էր դատաքննությունը, ուստի լսեցին կողմերի ճառերը:
.
Մեղադրական ճառով հանդես եկավ գործով մեղադրող` Արտյոմ Ավետիսյանը: Մեղադրողը իր ճառում նշեց և ապացուցված համարեց սույն գործով ամբաստանյալ Լ. Գալստյանի մեղավորությունը և դատարանին միջնորդեց Լ. Գալստյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար և նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, ինչպես նաև հօգուտ տուժողի բռնագանձել հանցագործությամբ պատճառված 1.000.000 ՀՀ դրամ:
.
Թարգմանի միջոցով իր ճառով հանդես եկավ նաև տուժող` Հայր Մարիո Կուկարոլլոն և նշեց, որ նմանատիպ հանցագործությունները պետք է անպայման պատժվեն, որպեսզի հետագայում կանխվեն, քանի որ այն, ինչ քոնը չէ, չպետք է վերցնել: Իսկ հանցագործությամբ պատճառված 1.000.000 ՀՀ դրամի պատճառված վնասը վերադարձնելու համար նշեց, որ անպայման պետք է վերադարձվի հիվանդանոցին:
.
Ամբաստանյալի պաշտպանն իր ճառում միջնորդեց մեղմ պատիժ նշանակել, հաշվի առնելով, որ ամբաստանյալը վատառողջ է, չի աշխատում, նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական և զղջացել է կատարած արարքի համար: Իսկ քաղաքացիական հայցով հարցը համարել լուծված, քանի որ տուժողի և ամբաստանյալի միջև արդեն կա փոխհամաձայնություն, որ գումարը կվերադարձվի մինչև 2012թ. դեկտեմբեր ամիսը:
.
Ամբաստանյալն իր ճառում և վերջին խոսքում զղջաց կատարած հանցագործության համար և դատարանից խնդրեց մեղմ պատիժ նշանակել:
.
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
.
Այնուհետև դատարանը հրապարակեց դատավճիռը, ըստ որի՝ ամբաստանյալ Լ. Գալստյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար և նշանակեց պատիժ՝ 500.000 ՀՀ դրամ տուգանք: Դատարանը նշեց, ընտրված խափանման միջոցը, ստորագրություն չհեռանալու մասին թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, ինչպես նաև Լ. Գալստյանից բռնագանձել հանցագործությամբ պատճառված վնասը՝ 1.000.000 ՀՀ դրամը հօգուտ տուժողի:
.
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր- Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net