Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի, քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի Խաչիկ Հայրապետյանի, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հուլիսի 31-ին` ժամը 10.30-ի սահմաններում իրենց` Երևանի Գ.Նժդեհի փողոցի N շենքի N բնակարանում Գ.Բ-ի նկատմամբ բռնություն գործադրելով, այն է` ձեռքերով հարվածելով ու ստորին ծնոտի շրջանի քերծվածքի, ձախ ճակատային, քթի, պարանոցի ձախ ուսահոդի, բազկի, կրծքավանդակի, ձախ գոտկային, զստային շրջանների, վերին և ստորին շրթունքների ներսային մակերեսների արյունազեղումների, քթի ոսկրերի փակ կոտրվածքի ձևով նրա առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելով, փորձել է Գ.Բ –ի հետ` նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ, սակայն վերջինս դիմադրել է, նստել է հյուրասենյակի պատուհանագոգին ու բղավել: Գ.Բ-ի բղավոցները լսելով` օգնության են հասել ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները և կանխել Խ.Հայրապետյանի հետագա հանցավոր գործողությունները, ինչի պատճառով էլ վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին հասցնել չի կարողացել:
.
Դատական նիստի ժամանակ ամբաստանյալի մայրը հայտնեց, որ իր որդու` հետ տեղի է ունեցել դժբախտ պատահար. ամբաստանյալը ենթարկվել էր ավտովթարի և այժմ գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում, որի պատճառով չի կարողացել ներկայանալ դատական նիստին:
.
Դատարանը, ուսումնասիրելով կատարվածը հավաստող փաստաթղթերը, որոշեց հետաձգել դատական նիստը:
.
Հաջորդ նիստը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 2-ին` ժամը 10:00-ին:
.
Հանրային թղթակից` Զարուհի Հարությունյան
Աղբյուրը` Իրավաբան.net