Կառավարության վաղվա նիստին կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացնելու է որոշման նախագիծ, համաձայն որի, պետք է ստեղծվի «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամ և կհաստատվի դրա կանոնադրությունը:
Որոշման նախագծում նշվում է.
«Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հիմնադրել «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամ (այսուհետ՝ հիմնադրամ):
- Սահմանել, որ հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն է:
- Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
- Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Մկրտիչ Կիրակոսյանին (անձնագիր` AM 0878372, տրված` 24.09.2012թ., 001-ի կողմից):
- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել՝
1) հիմնադրամի պետական գրանցումը՝ օրենքով սահմանված կարգով.
2) հոգաբարձուների խորհրդի ձևավորումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: