Այսօր` հոկտեմբերի 25-ին ՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրում նախագահությամբ Է. Նահապետյանի կայացավ նախնական դատական նիստն ըստ հայցի Գևորգ Բաղդասարյանի` Վարչական որոշումը վերացնելու պահանջով:
Նախնական դատական նիստին կողմերը չէին ներկայացել, սակայն վերջիններս պատշաճ ծանուցված էին դատական նիստի տեղի և ժամի մասին: Նշեմ, որ սույն գործով որպես պատասխանող ներգրավված էր ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը:
Դատարանը ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի դրույթներով չհետաձգեց նիստը: Պարզաբանվեց պարզաբանման ենթակա հարցերը, նշվեց պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան և կողմերի միջնորդություններ չներկայացնելու մասին: Դատարանը հրապարակեց հայցը, որում մասնավորապես նշված էր, որ ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսուչը հայցվորին վարչական իրավախախտման համար տուգանել է 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, սակայն վարչական ակտը կազմելիս ճանապարհային ոստիկանության տեսուչը չի պահպանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, մասնավորապես նույն օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասը: Հայցվորը չի բողոքարկել վարչական ակտը վերադասության կարգով, քանի որ ակտում նշված չի եղել բողոքարկման կարգը և ժամկետները: Հետևաբար հայցվորը դիմել է վարչական դատարան և գտնում է, որ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի սույն վարչական ակտը առոչինչ է, ուստի իր պահանջում նշել է վերացնել այն:
Դատարանը հայտարարեց, որ գործը պատրաստ է դատաքննության: Իսկ հաջորդ դատական նիստի տեղի և ժամի մասին կողմերը լրացուցիչ կծանուցվեն:
Սույն գործով առավել մանրամասններ պարզ կդառնան դատաքննության ընթացքում:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր- Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net