Ծառն ընկել է մեքենայի վրա, 2.4 միլիոն դրամի վնաս հասցրել, քաղաքապետարանը վնաս չի հատուցել

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը օգոստոսի 11-ին նոր որոշում է ընդունել, որով մերժվել է քաղաքացու կողմից կրած վնասը փոխահատել:

Ներկայացնում ենք որոշումը ստորև.

«.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված Սերգեյ Թավաքալյանի 2017 թվականի հուլիսի 14–ի հ.Թ-1005 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
2017 թվականի հուլիսի 28-ին, ժամը 16.00-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Սերգեյ Թավաքալյանը, սակայն չի ներկայացել։ Սերգեյ Թավաքալյանը ներկայացել և մասնակցել է 2017 թվականի օգոստոսի 4–ին, ժամը 11։15–ին կայացած լսումներին։
Ուսումնասիրելով Սերգեյ Թավաքալյանի 2017 թվականի հուլիսի 14–ի հ.Թ-1005 դիմումը,  գնահատելով դիմումին կից և վարույթի լսումների ընթացքում ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն տրանսպորտային միջոցի հաշվառման 2013 թվականի ապրիլի 8-ի հ.SB853538 վկայագրի՝ «TOYOTA» մակնիշի 70VQ070 գրանցման համարանիշով ավտոմեքենան հանդիսանում է Սերգեյ Թավաքալյանի սեփականությունը։
Համաձայն Սերգեյ Թավաքալյանի 2017 թվականի հուլիսի 14–ի հ.Թ-1005 դիմումի՝ 2017 թվականի հուլիսի 11–ին, Երևան քաղաքի Խանջյան փողոցի հ.50ա հասցեում կայանված իր ավտոմեքենայի վրա ծառ է ընկել, ինչի հետևանքով ավտոմեքենային պատճառվել է էական վնաս։
Լսումների ընթացքում Սերգեյ Թավաքալյանը հայտնել է, որ դեպքի կապակցությամբ զանգահարել է 1-08 ծառայությանը և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությանը, վերջինիս կողմից դեպքի մասին տեղեկացվել է «Կենտրոն Կանաչապատում» ընկերությանը, որտեղից ներկայացած աշխատակիցների կողմից ծառը մասնատվել և տեղափոխվել է։
Սերգեյ Թավաքալյանը լսումների ընթացքում հայտնել է նաև, որ կարծիքով՝ ծառի տապալման պատճառը հանդիսացել է փտած լինելն ու ճոճվելը։
Դիմումին կից, որպես ապացույցներ, ներկայացվել են վնասված ավտոմեքենայի և տապալված ծառի լուսանկարները, որտեղ տեսանելի են տապալված ծառը, ծառի կանաչ սաղարթը, ինչպես նաև ծառի բունը, որն, ըստ Սերգեյ Թավաքալյանի պնդման, եղել է փտած վիճակում, ինչպես նաև լսումների ընթացքում ներկայացվել են այլ լուսանկարներ, որոնցից մեկում տեսանելի են նախկինում հատված ծառերի կոճղերը։
Սերգեյ Թավաքալյանն ավտոմեքենային պատճառված վնասի չափի վերաբերյալ վարույթի լսումների ընթացքում ներկայացրել է «Հայաստանի անկախ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 20.07.2017թ. տրված հ.1710/17-Պ եզրակացությունը, որով որոշվել է 2017թվականի հուլիսի 18–ին փորձաքննության ներկայացված ավտոմե-քենային պատճառված վնասի չափը՝ դրամային արտահայտությամբ, փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ, սակայն նշված եզրակացությամբ չի հիմնավորվում, որ 2017 թվականի հուլիսի 18–ին փորձաքննության ներկայացված՝ Սերգեյ Թավաքալյանին պատկանող ավտոմեքենայի վնասվածքները 2017թ. հուլիսի 11–ին տապալված ծառի հետևանքով են առաջացել։
Համաձայն «Հայաստանի անկախ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 20.07.2017թ. տրված հ.1710/17-Պ եզրակացության՝ փորձաքննության ներկայացված 2012 թվականի արտադրության «TOYOTA LAND CRUISER PRADO» մակնիշի JTEBX3FJ10K103689 նույնացման համարով ավտոմեքենային պատճառված վնասի չափը գումարային արտահայտությամբ՝ փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ, կազմում է երկու միլիոն չորս հարյուր տասնյոթ հազար ՀՀ դրամ։
Համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության 24.07.2017թ. հ.17/Թ1005 գրության՝ Խանջյան փողոցի հ.50ա հասցեում, շախմատի տան դիմաց կայանված մեքենայի վրա տապալված ծառատեսակը եղել է բարդի տեսակի, լիովին կենսունակ, միջին տարիքի և ժամանակին ենթարկվել է խորը էտման։ Նշված ծառի տապալման հնարավոր պատճառը՝ բարդի ծառատեսակի արմատային համակարգի մակերեսային զարգացումն է և գլխավոր արմատից անջատումը, որը բնական պայմաններում անտեսանելի է։
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝  անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 2–րդ կետի՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ Խանջյան  փողոցի հ.50ա հասցեի դիմաց կայանված՝ Սերգեյ Թավաքալյանին պատկանող ավտոմեքենայի վրա տապալված ծառատեսակը եղել է բարդի տեսակի, լիովին կենսունակ, միջին տարիքի և ժամանակին ենթարկվել է խորը էտման, իսկ ծառի տապալման հնարավոր պատճառը՝ բարդի ծառատեսակի արմատային համակարգի մակերեսային զարգացումն է և գլխավոր արմատից անջատումը, որը բնական պայմաններում անտեսանելի է, ինչպես նաև առկա չեն նշված պատահարում Երևան համայնքի մեղավորությունը հիմնավորող ապացույցներ և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի  43-րդ և  96–րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1.Սերգեյ Թավաքալյանի՝ վնասի փոխհատուցում տրամադրելու մասին դիմումը մերժել։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը,
3.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել