Թեև տուժողը «ներել է» իրեն ծեծի ենթակած ոստիկաններին, սակայն դատարանը` «չներեց»

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր` հոկտեմբերի 24-ին շարունակվեց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի պետի օգնական, ոստիկանության մայոր Արա Կիրակոսյանի և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի վարորդ, ոստիկանության ավագ Արմեն Ալեքսանյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նախորդ դատական նիստին դատարանը բավարարել էր ամբաստանյալ Արա Կիրակոսյան պաշտպան Արայիկ Ալվանդյանը միջնորդությունը` գործի քննությունը հետաձգելու և բավարար ժամանակ տրամադրելու պաշտպանական ճառին պատրաստվելու համար:

.

Արա Կիրակոսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանն իր պաշտպանական ճառում դատարանին միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ առավել մեղմ պատիժ նշանակել` հաշվի առնելով այն, թե ինչի համար է ծագել վեճը, ում կողմից է հրահրվել, իր պաշտպանյալի մասնակցության աստիճանը: Բացի այդ, պաշտպանն իր խոսքում նշեց, որ իրենք համաձայնվել են արագացված դատաքննության կիրառման մյուս ամբաստանյալի շահերից ելնելով, և դատարանին խնդրեց առավել մեղմ պատիժ նշանակել` հաշվի առնելով մեղմացուցիչ հանգամանքները, մբաստանյալի կողմից մեղքի ընդունման, ինչպես նաև ընտանիքում միակ կերակրողը լինելու, խնամքին երեք երեխաներ և վատառողջ հայր ունենալու հանգամանքները: Դատարանի այն հարցին, թե ցանկանում են ընդհանուր կարգով դատաքննության իրականացվի, ամբաստանյալ Արա Կիրակոսյանը և իր պաշտպանը պատասխանեցին, որ ցանկանում են գործը քննվի արագացված կարգով և իրենք գիտակցում են դրա հետևանքները:
.

Տուժողը դատարանին խնդրեց մեղմ վերաբերվել ամբաստանյալներին, քանի որ ինքը «ներել է» և ուզում է, որ իրենք ներված լինեն:

.

Հայտարարվեց դատաքննության ավարտ, որից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու: Մեկ ժամ 40 րոպե հետո դատարանը դռնբաց դատական նիստում հրապարակեց կայացրած դատավճիռը: Դատարանը ամբաստանյալ Արա Կիրակոսյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով արարքի կատարման մեջ և պատիժը նշանակեց ազատազարկման ձևով` մեկ տարի վեց ամիս ժամանակով, խափանման միջոց ընտրված կալանքը թողնեց անփոփոխ` մինչև դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Ամբաստանյալ Արմեն Ալեքսանյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով արարքի կատարման մեջ և պատիժը նշանակեց ազատազարկման ձևով` երկու տարի ժամանակով, խափանման միջոց ընտրված կալանքը թողնեց անփոփոխ` մինչև դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

.

Ամբաստանյալ Արմեն Ալեքսանյանի պաշտպան Նարինե Պողոսյանն Իրավաբան.net-ի թղթակցին հայտնեց, որ իրենք համաձայն չեն դատարանի դատավճռի հետ և բողոքարկելու են Վերաքննիչ քրեական դատարան:

.

Հանրային թղթակից՝ Սոնա Հարությունյան

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել