Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ Մարտին Սարոյանի շարունակվեց թիվ ՇԴ/0121/01/12 քրեական գործի քննությունն ըստ մեղադրանքի Արտյոմ Թովմասյանի ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2 –րդ մասի 3 –րդ կետով և 177-րդ հոդվածի 3 –րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցագործությունների կատարման համար: Արտյոմ Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011-2012թթ. տարբեր քաղաքացիների տներից կատարել է գողություններ, տուժողներին պատճառելով զգալի չափերի նյութական վնաս: Վերջինս քանի որ անչափահաս է, որպես խափանման միջոց հանձնվել է հսկողության:
.
Դատարանում մեղադրանքը պաշտպանում էր Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ, արդարադատության 2-րդ դասի խորհրդական` Մամո Սալոյանը:
.
Դատական նիստին ներկա էին տուժողներից մեկը, մյուս տուժողի ներկայացուցիչը, ամբաստանյալը, վերջինիս օրինական ներկայացուցիչը և ամբաստանյալի շահերի պաշտպանը:
.
Նախորդ դատական նիստին ամբաստանյալի միջնորդությունը` իր հեռախոսով քննչական փորձարարության տեսաձայնագրումը դատարանին ներկայացնելու համար բավարարվել էր և այսօր ներկայացվեց դատարանին: Ըստ էության տեսաձայնագրումը ոչ մի էական փաստեր չէր պարունակում: Վերջինիս պնդմամբ ամբաստանյալը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել քննիչի ուղղորդած հարցերով, սակայն դատարանում մեղադրանքը պաշտպանող Սալոյանը նշեց, որ որպես ապացույց դիտվել են ոչ միայն վերը նշված փորձարարության արդյունքները, այլև վկաների ցուցմունքները` մասնավորապես ամբաստանյալի ընկերոջ կողմից տված ցուցմունքը այն մասին, որ վերջինս տեսել է ամբաստանյալի տանը դռներ և պատուհաններ:
.
Դատարանը անցնելով դատական վիճաբանությունների փուլին պարզաբանեց որ տուժողներն էլ իրավունք ունեն արտասանելու իրենց ճառը:
.
Մեղադրողը իր ճառում ցավով նշեց, որ թեև Հայաստանում վերջին ժամանակներս դիտվել է անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թվի նվազում, սակայն Շիրակի մարզում հակառակ տենդեց է նկատվում: Հիմնականում պատճառը թե ընտանիքի դաստիարակության խնդիրն է և թե սոցիալական ծանր վիճակը` որպես առավել խոցելի մարզ այդ առումով: Մեղադրողը թեև դատարանին միջնորդեց ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով պատժի նշանակումը հանցանքների համակցության վերջնական պատիժ նշանակել 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամանակով առանց գույքի բռնագրավմամբ, ուստի ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթներով դատարանին միջնորդեց պատիժը պայմանականորեն չկիրառել` ամբաստանյալին հնարավորություն տալով ուղղվել: Որպես մեղմացուցիչ հանգամանք նշեց, ամբաստանյալի դրական բնութագրվելու և նախկինում արատավորված չլինելու հանգամանքը և նաև այն, որ ամենամեծ մեղքի բաժինը ծնողներին է, քանզի նրանք ճիշտ չեն դաստիարակել իրենց որդուն և անուշադրության մատնել են:
.
Դատարանում տուժողը իր ճառում նշեց, որ պարտք ու պահանջ չունի ամբաստանյալի նկատմամբ վերջինիս վնասի փոխհատուցման հետ կապված, քանի որ վերջինիս ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում և բացի այդ խոստացել են հնարավորինս մաս-մաս հատուցել հանցագործությամբ պատճառված վնասը: Տուժողը խնդրեց նաև մեղմ մոտենալ, հաշվի առնելով ամբաստանյալի անչափահաս լինելը:
.
Մյուս տոժողը չէր ներկայացել դատաքննությանը, սակայն իր ներկայացուցչի միջոցով ուղարկել էր գրություն` ամբաստանյալից որևէ պարտք ու պահանջ չունենալու մասին և խնդրել էր դատարանին մեղմ վերաբերվել պատիժ նշանակելիս, ուստի դատարանը հրապարակեց տուժողի գրությունը:
.
Պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալի շահերի պաշտպանը` դատարանին միջնորդելով ազատազրկման հետ կապված պատիժ նշանակելիս պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:
.
Ամբաստանյալը իր ճառում նշեց որ միանում է իր պաշտպանի արտահայտած դիրքորոշմանը, իսկ վերջին խոսքում զղջաց և դատարանին խնդրեց մեղմ մոտենալ` խոստանալով, որ ապագայում նմանատիպ արարքի կատարումը իր կողմից էլ չի կրկնվի:
.
Ամբաստանյալի ներկայացուցիչն (մայրը) էլ իր խոսքում նշեց իրենց (ամբաստանյալի հայրը արտագնա աշխատանքի է) կողմից կամա թե ակամա որդուն որպես օրինապահ քաղաքացի չդաստիարակելու մասին, խոստացավ այսուհետ աչքաթող չանել և լրացնել իր կողմից լիարժեք կերպով չկատարված մայրական պարտքը:
.
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու: Դատարանը ամբաստանյալ Արտյոմ Թովմասյանին մեղավոր ճանաչեց իրեն մեղադրանք առաջադրված հանցագործությունների կատարման համար և պատիժ նշանակեց ազատազրկում 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամանակով առանց գույքի բռնագրավմամբ: Սակայն ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթներով պատիժը պայմանականորեն չկիրառեց` նշանակելով 3 տարի փորձաշրջան: Խափանման միջոցը ամբաստանյալին հսկողության հանձնելու մասին թողեց անփոփոխ: Իսկ քաղաքացիական հարցին անդրադառնալով դատարանը համարեց լուծված, քանի որ տուժողները ոչ մի պարտք ու պահանջ չունեին իրենց պատճառված վնասի փոխհատուցման համար:
.
Դատարանի մեղմ որոշման արդյունքում փրկվեց ևս մեկ անչափահասի ճակատագիր, ով կամա թե ակամա սայթաքել էր կյանքի դժվարին ճանապարհից:
.
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net