Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի Լուսինե Ներսիսյանի:
Լուսինե Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա արտերկրում բարձր վարձատրվող աշխատանքով ապահովելու կեղծ միտումներով, խարդախությամբ, պոռնկության շահագործման դիտավորությամբ հավաքագրել է երեխայի և ՀՀ քաղաքացիների, որոնց ՀՀ պետական սահմանը հատելը կազմակերպելով, փոխադրել է Թուրքիայի Հանրապետություն, որտեղ օգտագործելով ետադարձի ճանապարհածախսի գումար չունենալու, անձնագրերն իրենց մոտ չլինելու առումով վերջինիս մոտ ստեղծված վիճակի խոցելիությունը, նյութական օգուտ ստանալով, նրանց ենթարկել է սեռական շահագործման:
Այսօր դատական վիճաբանության ժամանակ, կողմերը հանդես եկան ճառով, ռեպլիկով, մասնավորապես` մեղադրող կողմն իր ճառում նշեց, որ անհրաժեշտ է ամբաստանյալին նշանակել պատիժ` 9 տարի ազատազրկում` գույքի բռնագրավմամբ, մինչդեռ ամբաստանյալի պաշտպանն իր ճառում նշեց, որ առաջադրված մեղադրանքը անհիմն է:
Ամբաստանյալն իր վերջին խոսքում նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը հիմնված է ոչ պարկեշտ վարքով, բանսարկու մարդկանց ցուցմունքների հիման վրա և խնդրեց դատարանին կայացնել արդարացման դատավճիռ:
«Մի´ կործանեք ևս մեկ կյանք, ես հանցագործ չեմ», – ամբաստանյալը եզրափակեց իր վերջին խոսքը:
Նշենք նաև` ամբաստանյալը դատական նիստի ժամանակ ուներ վատ ինքնազգացողություն, սակայն հրաժարվեց կանչել բուժօգնություն:
Հաջորդ նիստ կկայանա սույն թվականի նոյեմբերի 9-ին ժամը 16:00-ին:
.
Հանրային թղթակից` Զարուհի Հարությունյան
Աղբյուրը` Իրավաբան.net