Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Լիլիթ Խաչատրյանի, կայացավ թիվ ՇԴ/0684/02/12 քաղաքացիական գործի քննությունը ըստ հայցի Գուրգեն Արշակյանի` չվճարված աշխատավարձի բռնագանձման պահանջի մասին:
Դատաքննությանը ներկա էին հայցվորը և նրա շահերի պաշտպան ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Աննա Դավթյանը: Դատական նիստին չէր ներկայացել պատասխանող Կատյա Մանուկյանը, մինչդեռ վերջինս պատշաճ ծանուցված էր դատական նիստի տեղի և ժամի մասին:
Դատարանը պարզաբանեց հայցվորի կենսագրական տվյալները, ինչպես նաև աշխատելու մասին տվյալներ: Հայցվորը նշեց, որ միչև այսօր աշխատում է «Պրեստիժ» վաճառատանը` որպես գիշերային պահակ:
Դատարանը, լսելով կողմի կարծիքը և հաշվի առնելով այն, որ պատասխանողը դատական նիստի տեղի և ժամի մասին պատշաճ ծանուցված է եղել, ուստի որոշեց դատական նիստն անցկացնել պատասխանողի բացակայությամբ:
Հայցվորը նշեց, որ իր աշխատանքային գրքույկը գործատուն, սույն գործով պատասխանող Կատյա Մանուկյանն իրեն վերադարձրել է սույն թվականի հոկտեմբերի 15-ին և վերջինս անակնկալի է եկել տեսնելով գրքույկում առկա գրառումը այն մասին, որ դեռևս 2011թ. դեկտեմբերի 30-ին գործատուն իրեն ազատել է աշխատանքից, սակայն նա չի իմացել այդ մասին, չի ծանուցվել աշխատանքային օրենսգրքով նախատեսված կարգով և այդ մասին իմացել է միայն հոկտեմբերի 15-ին:
Հայցվորի ներկայացուցիչը միջնորդեց դատարանին, որպես ապացույց պատասխանողից պահանջել Գուրգեն Արշակյանի աշխատանքի անցնելու պայմանագիրը կամ հրամանից քաղվածք, ինչպես նաև 2011-2012թթ. աշխատավարձի ցուցակները, տեղեկանք 2011-2012թթ. միջին աշխատավարձի չափի մասին, նաև Գուրգեն Արշակյանին աշխատանքից ազատելու մասին հրամանանագրքից քաղվածք: Դատարանը բավարարեց հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը և որոշում կայացրեց պատասխանողից պահանջել վերը նշված փաստաթղթերը:
Դատարանը նշեց, որ գործում առկա չէ հայցվորի գործատուի մոտ աշխատելու փաստը հաստատող տեղեկանք, ինչպես նաև գործատուի գրանցված և օրենքով սահմանված գործունեություն իրականացնելու մասին փաստաթութ: Սակայն հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ աշխատանքի վերաբերյալ տեղեկանք չէին կարող պահանջել, քանի որ գործատուն մերժելու էր, իսկ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` պետական ռեգիստրից չեն վերցրել համապատասխան փաստաթուղթ` գործով պատասխանող Կատյա Մանուկյանի անհատ ձեռներեց լինելու փաստի մասին:
Սույն քաղաքացիական գործով մանրամասներ հայտնի կդառնա հաջորդ դատական նիստին, մասնավորապես` գործատուի կողմից հայցվորին չվճարված աշխատավարձի գումարի չափի և չվճարված ժամանակահատվածի մասին:
Դատական նիստը հետաձգվեց նոյեմբերի 13-ին, ժամը 12.00-ին
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net