Ծառայությունից խուսափած երիտասարդի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինվեց գրավով

Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Արմեն Վարդապետյանի, շարունակվեց Ժիրայր Շահբազյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Ոչ շարքային ծառայության համար պիտանի ճանաչված Ժիրայր Շահբազյանը մեղադրվում է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի պահանջը խախտելու մեջ: Նա հրաժարվել է ծանուցագիր ստանալուց և խուսափել է 2012 թվականի գարնանային զորակոչից:
Այսօրվա դատական նիստին ներկայացել էին ամբաստանյալ Ժիրայր Շահբազյանը, նրա պաշտպան Նալբանդյանը և մեղադրող Մկրտչյանը:
Ամբաստանյալի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց դատարան իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխելու համար: Որպես հիմնավորում նշվեց, որ իր պաշտպանյալը կատարել է ոչ մեծ ծանրության հանցանք, բնութագրվում է դրականորեն, ընդունել է իր մեղքը և զղջում է, ցանկանում է գնալ զինվորական ծառայության:
Նախագահող դատավոր Արմեն Վարդապետյանը պաշտպանի միջնորդությունը վաղաժամ համարեց, և միջնորդության քննարկումը հետաձգեց:
Դատարանն անցավ դատաքննության փուլ, և մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացությունը: Ապա ամբաստանյալի պաշտպանի կողմից ներկայացված միջնորդության քննարկմանը և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, հրապարակեց որոշման եզրափակից մասը: Դատարանը որոշեց ամբաստանյալի պաշտպանի կողմից ներկայացված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել, գրավի չափ սահմանելով 500.000 ՀՀ դրամ: Դատաքննությունը հետաձգվեց մինչև ամբաստանյալի զինծառայության հարցը լուծելը:

.

Հանրային թղթակից` Արա Ղարագյոզյան
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել