Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Մարտին Սարոյանի, շարունավեց թիվ ՇԴ/0121/01/12 քրեական գործի քննությունն ըստ մեղադրանքի Արտյոմ Թովմասյանի ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2 –րդ մասի 3 –րդ կետով և 177-րդ հոդվածի 3 –րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցագործությունների կատարման համար:
Արտյոմ Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011-2012թթ. տարբեր քաղաքացիների տներից կատարել է գողություններ, տուժողներին պատճառելով զգալի չափերի նյութական վնաս: Վերջինս, քանի որ անչափահաս է, որպես խափանման միջոց` հանձնվել է հսկողության:
Դատարանում մեղադրանքը պաշտպանում էր Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Մամո Սալոյանը:
Դատական նիստին ներկա էին տուժողները, ամբաստանյալը, վերջինիս օրինական ներկայացուցիչը և ամբաստանյալի շահերի պաշտպանը:
Դատարանում տուժողները պնդեցին, որպեսզի ամբաստանյալի կողմից փոխհատուցվի հանցագործությամբ պատճառված վնասը: Սակայն ամբաստանյալի շահերի պաշտպանը համաձայն չէր առաջադրված մեղադրանքի մեկ դրվագի մասով, քանի որ վերջինիս պնդմամբ` իր վստահորդից 2-րդ գողության կատարման համար ցուցմունքները կորզվել են և քննիչը, կասկածյալին հարցաքննելիս, ցուցաբերել է կողմնակալ դիրքորոշում: Դատարանը գործում առկա բոլոր փաստաթղթերը հրապարակեց և հայտարարեց` դատաքննությունը լրացնելու համար կողմերը ունե˚ն միջնորդություն, թե` ոչ: Ամբաստանյալի շահերի պաշտպանը միջնորդեց դատական նիստը հետաձգել, քանի որ անհրաժեշտ է համարում դատարանին ներկայացնել քննչական փորձարարության տեսաձայնագրումը, որը վերջինս կատարել է իր հեռախոսով` գտնելով, որ գործի արդարացի ելքի համար այդ ձայնագրությունը կարևոր նշանակություն ունի: Մեղադրողը հրապարակեց ամբաստանյալի նախաքննության ընթացքում որպես կասկածյալ տված ցուցմունքները այն մասին, որ վերջինս խոստովանում է, որ հենց ինքն է կատարել թե’ առաջին, թե’ երկրորդ գողությունը: Սակայն պաշտպանը պնդեց իր կողմից նախաքննության ընթացքում կասկածյալի հարցաքննության վերաբերյալ ներկայացված առարկությունը:
Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը և հերթական նիստ նշանակեց հոկտեմբերի 23-ին ժամը 15.00-ին:
Դատաքննությունը չլուսանկարահանվեց ելնելով անչափահասի շահերից:
.
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net