«Գաղտնիք չէ, որ հայերս ծխող ազգ ենք: Ես հանձնարարական ունեմ հանրապետության նախագահից և վարչապետից, որպեսզի մենք պատերազմ հայտարարենք ծխելուն, հաղթենք այս չարիքին՝ ծխախոտին։ Այդ կերպ կարող ենք ծխողների քանակը նվազեցնել 30-40 տոկոսով։ Ամենալավ միջոցը մարդու գրպանին հարվածելն է։ Հոգեբանորեն ազդեցություն ունենալն այն չէ, ինչ գրպանին խփելը։ Կարելի է արգելել ծխել այն վայրերում, որտեղ մարդն ուզում է ծխել, և թույլատրել այնտեղ, որտեղ տհաճ կլինի ծխելը»,- ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին է հայտրարարել նախարար Լևոն Ալթունյանը:
Փոխանցվում է, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ բոլոր երկրներն այսօր նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: ԱՀԿ-ի կողմից այն նշվում է 1988 թվականից, 2000-ից` նաև Հայաստանում:
Նախարարությունից նաև հայտնում են, որ հասցեական հակածխախոտային միջոցառումները կարող են էականորեն նվազեցնել ծխախոտի օգտագործման տարածվածությունը: Ծխախոտի դեմ պայքարում անհրաժեշտ են ավելի խիստ գործողություններ: Հայաստանում հակածխախոտային քաղաքականությունների խստացումը թույլ կտա իրականացնել վերոնշյալ կանխատեսումները և պաշտպանել բնակչության առողջությունը ծխելու վնասակար ազդեցություններից:
ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը շեշտեց, որ հիմնախնդիրը շարունակում է արդիական մնալ մեր երկրում:
«Այս տարի մշակվել է ծխախոտի դեմ պայքարի նոր ծրագիր, որը ներկայացվել է կառավարություն: Նոր ծրագիրը նախատեսում է բավականին կոշտ օրենսդրական փոփոխություններ` թե գովազդի, թե հասարակական վայրերում ծխելու հետ կապված»,- նշեց Ալեքսանդր Բազարչյանը:
Առողջապահության նախարարը հավաստիացրեց, որ օրենքի նախագիծը անպայման կձևավորվի և կքննարկվի հասարակության լայն զանգվածների և գործընկեր կազմակերպությունների հետ:
Ծխախոտի դեմ պայքարի գործողությունները միտված են ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հիվանդություններից մահացության և հաշմանդամության թվի նվազեցմանը, բնակչության առողջական վիճակի բարելավմանն ու կյանքի միջին տևողության երկարացմանը: