Մայիսի 26-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Մարգարիտ Բարանկիցե» թեմային նվիրված նամականիշը: Այս մասին հաղորդում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, 2016 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը։
Նամականիշի վրա պատկերված է Մարգարիտ Բարանկիցեն, ով «Ավրորա» մրցանակի է արժանացել Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին ունեցած բացառիկ ազդեցության համար: Նա փրկել է մոտ 30 հազար երեխա՝ նրանց տալով օթևան և խնամք:
Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք։ Նամականիշի հեղինակն է «Ավրորա» նախաձեռնության դիզայներ Ալլա Մինգալյովան: Չափսերն են՝ 50,0 x 50,0 մմ, տպաքանակը՝ 40 000 հատ։ Տպագրվել է Կանադայի Lowe Martin Group տպարանում։
Փոստային նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոններ, որոնց վաճառքից գոյացած հասույթը կուղղվի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով իրականացվող նախագծերին: