Կուտակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվում են պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում, որոնք կառավարում են ֆոնդերի կառավարիչները: Կենսաթոշակային ֆոնդը չի կարող սնանկանալ, քանի որ այն իրավաբանական անձ չէ: Ֆոնդի կառավարչի լուծարվելու կամ սնանկանալու դեպքում մասնակիցների միջոցները չեն վտանգվում, քանի որ դրանք մասնակիցների սեփականությունն են և առանձնացված են կառավարիչների սեփական միջոցներից: Իրազեկում է «Նորք» կենտրոնը:
Համակարգի մասնակիցների կուտակային հատկացումները փոխանցվում են կենսաթոշակային ֆոնդերին, որոնք պատկերավոր կարելի է ներկայացնել որպես պարկեր, որտեղ կուտակվում է գումար: Կենսաթոշակային ֆոնդերը իրավաբանա-կան անձ չեն, այլ դրանք այն պորտֆելներն են (կամ պարկերը), որտեղ կուտակվում են բոլոր մասնակիցների կատարած վճարումները:
Գոյություն ունեն 3 տեսակի ֆոնդեր, որոնք միմյանցից տարբերվում են ներդրումային քաղաքականությամբ. մասնակիցն ինքը, ընտրելով կենսաթոշակային ֆոնդ, որոշում է, թե ինչ սկզբունքներով են կառավարվելու իր միջոցները, և ինչպիսին կլինի կառավարման արդյունքում ստացվող եկամուտը:
Կենսաթոշակային ֆոնդերի կառավարումը իրականացնում են կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները, որոնք ակտիվների կառավարման բնագավառում փորձառու կազմակերպություններ են` իրավաբանական անձինք:
Կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարների ներդրումները իրականացնում են հենց այս կազմակերպությունները` յուրաքանչյուր ֆոնդի կանոններին և սկզբունքներին համապատասխան:
Քանի որ համակարգի մասնակիցների միջոցները կուտակվում են կենսաթոշակային ֆոնդերում և ամբողջությամբ առանձնացված են կառավարիչների սեփական միջոցներից, ուստի կառավարչի լուծարվելու կամ սնանկանալու պարագայում որևէ կերպ չեն վնասվի մասնակիցների գումարները:
Այդ դեպքում տվյալ կառավարչի կառավարման ներքո գտնվող կենսաթոշակային ֆոնդերը նույնությամբ փոխանցվում են այլ կառավարչի: Մասնակիցների շահերն առավել պաշտպանելու համար Կենտրոնական բանկը վերահսկում է ակտիվների փոխանցման գործընթացը: