Արագությունը գերազանցելու համար պատգամավոր Սեդրակ Սարոյանին պարտավորեցրել են մուծել 500 հազար դրամ

Առ այսօր նախադեպերը շատ են, երբ վարորդները փոստային ծառայության աշխատակիցների հետ համաձայնության են գալիս կամ էլ խոսափում են նրանց հետ շփումից, որպեսզի տուգանքներն իրենց չհասնեն։ Այս մասին մշտապես բարձրաձայնել են արդարադատության ոլորտի պատասխանատուները, պատահական չէ, որ տարիներ առաջ ներդրվեց ծանուցումների էլեկտրոնային հարթակը։

Սակայն պարզվում է տուգանքներից խուսափելու ավանդական մեթոդներից օգտվել են ոչ թե շարքային վարորդները, որպեսզի 5-30 հազար դրամ ակտերն իրենց չհասնեն, այլ բարձրաստիճան պաշտոնյաները, տվյալ դեպքում պատգամավոր Սեդրակ Սարոյանը։

Այսպես՝ 2015թ․-ին ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ Սեդրակ Սարոյանից հօգուտ ծառայության 500 հազար ՀՀ դրամ բռնագանձելու համար:

Դատարանը մերժել է հայցը՝ արձանագրելով, որ երբ պատգամավորին տուգանել էին այն չի հանձնվել հասցեատիրոջը և հետ է վերադարձվել ուղարկողին, բացի այդ նշվել է, որ բացակայում է որևէ ապացույց Վարչական ակտը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու մասին, հետևաբար Դատարանը գտել է, թե ներկայացված ապացույցներով չի հիմնավորվում Վարչական ակտի անբողոքարկելի դարձած լինելու հանգամանքը, ինչը կարևոր պայման է գումարի բռնագանձման պահանջով դատարան դիմելու համար, իսկ առանց նշված պայմանի գումարի բռնագանձման պահանջով Դատարան ներկայացված հայցադիմումը պետք է վերադարձվի։

Ճանապարհային ոստիկանությունը կրկին մտել է դատարան այս անգամ նոր հայցով:

Սեդրակ Սարոյանը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել և պատշաճ կարգով ծանուցված լինելով նշանակված դատաքննության նիստի ժամանակի և վայրի մասին՝ չի ներկայացել գործի քննությանը:

Գործից ապացույցներից տեղեկանում ենք, որ Սեդրակ Սարոյանին պատկանող «HUMMER» մակնիշի 019OO11 համարանիշի ավտոմեքենայով, գիշերվա ժամը 02:19-ին Թայիրով համայնքում երթևեկել է 157 կմ/ժ արագությամբ, այսինքն՝ հանելով արագաչափ սարքի հնարավոր սխալանքի 10 կմ/ժ չափը, գերազանցել է երթևեկության սահմանված արագությունը 87կմ/ժ-ով:

Երկրորդ հայցը դատարանն արդեն բավարարել է և վճռել՝ Սեդրակ Սարոյանից հօգուտ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության բռնագանձել 500.000 ՀՀ դրամ գումար, 10.000 ՀՀ դրամ էլ՝ որպես պետական տուրքի փոխհատուցում:

Պատրաստեց Գևորգ Թոսունյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել