Երևան քաղաքի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել այն մասին, որ նամակ է ստացել քաղաքացուց, որը աղաղակող հանգամանքներ է նշում մարզային դպրոցում առկա կոռուպցիոն դեպքի մասին.
«ԿԳ նախարարության տեսչության պետ պարոն Արամ Կարապետյանին
Նամակ եմ ստացել Արմավիրի մարզի Ծիածան գյուղի միջնակարգ դպրոցի ծնողից տնօրենի անօրեն գործունեության մասին: Նամակում ասվում է.
«Բավական է գան և ստուգեն իր աշխատած տարիների այն ցուցակը,որի մեջ գրվում են,թե ով ինչքան աշխատավարձ է ստանում ու կտեսնեն,որ իր տղայի անունն է գրված՝ Ղազարյան Սերյոժա,որը անգամ դպրոց չի մտել և երկու տարի ստացել է 60000 դրամ աշխատավարձ,դպրոցի պահակ է նշանակել Ալեքսանյան Հարությունին, ով երբեք դպրոց չի եկել և նրա փոխարեն ստանում է 27000 դրամ,ինչպես կարելի է։
Տեխնոլոգիայի ուսուցչուհին մի քանի ժամ է պարապում և ստանում էր 13000 դրամ, բայց այս ամիս ստացել է 60000 ,դա ոնց կլինի,նա գրում է ինչ որ բաներ մեկի վրա,հետո ինքն է ստանում։ Եվ այս կինը չի վախենում ոչ մեկից, որովհետև իր թիկունքին երևի ուժեղ մարդիկ են կանգնած, նաև Ժաննա անունով մեկը,ով էլի պահակ է գրված,բայց նրա գումարը ևս տնօրենն է ստանում,նա երիտասարդ կին է և պահակություն չի անում, երբեք որպես պահակ չի աշխատել,մնացած սրիկայությունների բացահայտումը թողնում եմ ձեզ:
Դպրոցն անցել է ներառական կրթության, շատ լավ է, բայց ինչպես կարելի է, երբ դպրոցում կան 14 ներառված երեխաներ սնունդ տալ կեսին, ու այդ սնունդը հիմնականում անորակ է լինում, հիմա էլ անցել է մյուս երեխաներին, իմ երեխային նույնպես․ ծնողներին կանչում է, պարտադրում, որ համաձայնվեն իրենց երեխաներին ընդգրկեն ներառական կրթության մեջ, իսկ իրականում նրանք խնդիրներ չունեն, իր բոլոր ուսուցիչների երեխաներին ստիպողաբար ընդգրկել է և ասում է ոչինչ, որ խնդիր չունեն, կասենք հուզակամային են։
Դպրոցում կան քաղաքից եկած մի քանի աշակերտներ, որոնք շաբաթը մեկ են դպրոց գալիս և ստանում են առավելագույն բարձր թվանշան, իսկ դա ազդում է մյուս աշակերտների վրա, 11-րդ դասարանում կա մի աշակերտ, ով Ռուսաստանում է, բայց նրան բացականեր չի նշանակվում, ով իմանա ինչքան գումար է դրա համար վերցրել։
Դպրոցում կային էլի աշակերտներ, որոնք մեկնել էին արտասահման, բայց այս անվախ կինը այդ երեխաներին էլ էր պահում,բայց երբ ասացին,որ ստուգումներ են լինելու միանգամից բոլորին մեկ հրամանով հեռացրեց,եթե ստուգեն դա կտեսնեն։ Մենք դեմ չենք մեր ուսուցիչներին ծաղիկներ կամ նվերներ առնել,սիրով ենք դա անում, բայց 9-րդ դասարանում յուրաքանչյուր երեխայից հավաքել 12000 դրամ ու ասել,որ տնօրենին պետք է 40000 դրամ տանք:
Անցնենք դպրոցում տիրող մթնոլորտին, նույն դպրոցում է աշխատում նաև տնօրենի քույրը, ով վաղուց է ինչ աշխատում է, դեռ իր տնօրեն լինելուց առաջ, դասվար է, երկու քույր մշտական կռիվների մեջ են, ուսուցիչներին թույլ չի տալիս շփվեն այդ կնոջ հետ։ Դպրոցի նոր ընդունված ուսուցիչներից մեկին՝ Շուշանիկ Կարապետյանին, սիրահարվել էր տնօրենի քրոջ որդին, ով հետո փախցրեց Շուշանիկին, այդ աղջիկը դիմեց դատարան և արժանացավ տնօրենի անպատիվ բառերին ու արտահայտություններին, մինչև այդ խելացի աղջիկը դուրս եկավ դպրոցից։
Դպրոցի օպերատոր էր ընդունել Սաթենիկ Նազարյանին, որը մաթեմատիկայի մասնագետ է, փայլուն ավարտել է մանկավարժական համալսարանը,նա պետք է աշխատեր որպես օպերատոր այնքան ժամանակ մինչև մյուս մաթեմատիկայի ուսուցչուհին թոշակի գնար,գնաց թոշակի այդ կինը, բայց Սաթենիկը հրաժարվեց ընդունվելու համար վճարել 2000 դոլար և տնօրենը վիրավորեց ու դուրս արեց նրան,իսկ նրա փոխարեն մաթեմատիկա են դասավանդում մյուս մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցչուհիները։ Առանց գումարի ոչ մի ուսուցչի չի ընդունում աշխատանքի, իր ուսուցիչներից շատերը միշտ բացակայում են, եթե կա ուսուցիչների բացակայության գիրք, ուրեմն անպայման պետք է ստուգել։
Աշակերտներին անվայել բառեր է ասում, 12-րդ դասաանի աշակերտներին թույլ է տվել պարապել,բայց մտնում է դասարան և երբ քիչ են լինում սկսում է վիրավորել,անվայել բառեր ասել։Նրան չի հետաքրքրում կրթությունը,նրա տեղը դպրոցը չէ,նրան հետաքրքրում է միայն գումարը։
Ներառական կրթության համար այնպիսի մասնագետների է ընդունել, իհարկե գումարով,որոնք ոչինչ չեն անում,որ օգնեն երեխաներին,ամբողջ օրը ֆաբերլիկ ընկերության գովազդն են անում դպրոցում և նվերներ անում տնօրենին։ Հիմա իր օպերատորն է և դպրոցի սոցիոլոգը ոչ պատշաճ հագուկապի տեր մի աղջիկ,որն անգամ գրագետ էլ չէ,պարզապես մարզպետարանում բարեկամ ունի,նա ոչ մի սոցիալական աշխատանք չի կատարում,ոչ մի։ Քննություններից հետո ում գնահատականը պետք է տնօրենը ուսուցչին ասում է,որ այդ երեխայի փոխարեն գրի,եթե վերցնեք քննական թեստերը,կտեսնեք ձեռագրերը։
Խնդրում եմ ձեզ, իմ միակ հույսը դուք եք,օգնեք, որ աշակերտները սովորեն, այլ՝ ոչ թե գումարով ավարտեն դպրոցը։ Խնդրում եմ տիկին Բախշյան»:
Պարոն Կարապետյան, խնդրում եմ տեսչության լիազորությունների շրջանակում ստուգել սույն նամակում նշված բոլոր փաստերն ու տեղեկացնել արդյունքների մասին, որոնք կհրապարակայացվեն:
Անահիտ Բախշյան»: