Սերժ Սարգսյանի ուղերձը՝ 6-րդ գումարման Ազգային Ժողովին

Սերժ Սարգսյանը այսօր ուղերձով հանդես եկավ Ազգային ժողովի առաջին նիստին: Նախագահի աշխատակազմը հրապարակել է Սերժ Սարգսյանի ելույթը, որը  ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Վեհափա՛ռ Տեր,

Հարգարժա՛ն պատգամավորներ,

Հարգելի՛ հյուրեր,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին, «Ելք» կուսակցությունների դաշինքին և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը ազատ, թափանցիկ և բարձր գնահատականի արժանացած ընտրությունների միջոցով Հայաստանի Հանրապետության գալիք հինգ տարիների համար քաղաքական պատասխանատվության բաժին ստանձնելու համար։ Շնորհավորում եմ վեցերորդ գումարման Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին և մաղթում բեղուն աշխատանք։

Երկու տարի առաջ, երբ հաստատվում էր Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ես հավատում էի, որ մոտ ապագայում մենք մտնելու ենք բեկումնային մի ժամանակաշրջան, որն իր բնույթով լինելու է խոստումնալից, բայց նաև պատասխանատու: Այսօր եկել է այդ օրը: Եվ ես շնորհավորում եմ բոլորիս այդ առթիվ: Իսկ ձեզ, հարգելի՛ պատգամավորներ, շնորհավորում եմ կրկնակի, քանի որ այս կարևոր շրջափուլում դուք եք պետական կառավարման նոր կարգի կայացման ուղղությամբ առաջին և գլխավոր քայլը կատարողները: Բոլորս լավ գիտակցում ենք, որ շատ գործ ունենք անելու, բայց ունենք նաև ամուր կամք, մեծ լավատեսություն և տարիների մնայուն փորձ՝ մեր սկսած գործը հաջողությամբ պսակելու համար։

Անշուշտ, խորհրդարանի առաջնային գործառույթն օրենքներ ստեղծելն է. օրենքներ, որոնք ոչ միայն պետք է լինեն իրավական, այլև ընկալելի և գործուն: Առանց նման օրենքների սահմանադրական բարեփոխումները չեն կարող ամբողջությամբ իրականացվել: Երբեմն ասում են, թե ավելի լավ է ունենալ թերի օրենք, քան ընդհանրապես օրենք չունենալ: Դա մինիմալիստական մոտեցում է: Այն ինձ համար անընդունելի է: Երկրի համար իրավական և քաղաքական վերափոխումների լրջագույն այս փուլում մենք չենք կարող մեզ թույլ տալ նման «շռայլություն»: Չէ՞ որ թերի կամ վատ օրենքը ոչ միայն կիրառելի չէ, այլև վնասաբեր է: Հանրության սպասելիքներն արդարացնող օրինաստեղծ գործունեություն իրականացնելը ձեր առաքելությունն է: Դուք՝ որպես այս գործընթացի հիմնական դերակատարներ, պատասխանատու եք դրա համար:

Սակայն խորհրդարանի անելիքը օրինաստեղծ գործունեությամբ չի սահմանափակվում: Հայաստանի Հանրապետության փոփոխված սահմանադրությամբ նախատեսված անցումը կառավարման խորհրդարանական համակարգի ենթադրում է խորհրդարանի դերի էական բարձրացում նաև արտաքին քաղաքականության հարցերում:

Այս տեսանկյունից առաջնային կարևորություն է ձեռք բերում խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացմանն ուղղված սկզբունքների ներդրումը, ինչպես նաև կոնկրետ քայլերի ու գործողությունների իրականացումը:
Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի քայլերի ակտիվացման, նախաձեռնողականության դրսևորման անհրաժեշտությունն այսօր ակնհայտ է։ Միջազգային խորհրդարանական կազմակերպությունները լավագույն ու թերևս ամենալայն հարթակներից են միջազգային հանրությանն այս կամ այն թեզը մատուցելու և հայկական դիրքորոշումը ներկայացնելու համար:

Այդ հարթակներում անհրաժեշտ է ակտիվ քաղաքականություն իրականացնել, որպեսզի նվազեցնենք Ադրբեջանի կողմից մշտապես նախաձեռնվող հակահայկական բանաձևերի ու նախագծերի թիվը՝ փոխարենն առաջ տանելով ճշմարտությունը:

Մեր խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացման համար նպատակահարմար է վերակազմակերպել այն՝ հիմքում դնելով հետևյալ սկզբունքները. մասնակցություն, նախաձեռնողականություն, գործընկերային կապեր, մշտական ընթացիկ աշխատանք, հաշվետվողականություն, համակարգում, անձնական պատասխանատվություն, շարունակականություն և հետևողականություն։ Սա իսկապես աշխատանքի տարողունակ և կարևորագույն մի ոլորտ է, որի մասին մենք ավելի մանրամասն խոսելու առիթ դեռ կունենանք։

Մայր օրենքի փոփոխությունից հետո խորհրդարանն այսուհետ օժտված է նաև սահմանադրական մարմիններ ձևավորելու՝ ընդլայնված կարևորագույն գործառույթով: Սահմանադրական դատարան, Վճռաբեկ դատարան, Բարձրագույն դատական խորհուրդ. սրանք Սահմանադրությամբ նոր կշիռ և ազդեցություն ունեցող արդարադատության մարմիններ են, որոնք կազմավորվելու են ձեր անմիջական մասնակցությամբ: Դա ժողովրդական և ժողովրդավարական բարձրագույն վստահությունն է, որ տրված է անկախ և պրոֆեսիոնալ դատական իշխանություն ձևավորելու համար: Դրա հետ մեկտեղ դուք կրելու եք այդ մարմինների գործունեության արդյունքների թե՛ դրական, թե՛ բացասական արդյունքները:

Ես պատկերացնում եմ նաև կուռ և համագործակցող, ուժեղ ու պատասխանատվությունից չխուսափող իրավապահ համակարգ:

Համակարգ, որի զարգացմանը նպաստելը յուրաքանչյուրիս պարտքն է: Միայն այդպիսի համակարգն է թույլ տալու, որ իրենց ուժեղ և ապահով զգան բոլորը՝ պետությունը, ողջ հասարակությունը և դրա յուրաքանչյուր անդամ: Եվ այդ համակարգի զարգացման գործում, ձեր վերահսկողական ու զսպողական գործառույթներով, դուք առանցքային դեր եք կատարելու:

Գլխավոր դատախազի և Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություն, ինքնավար մարմինների ու քննիչ հանձնաժողովների ձևավորում. սրանք սահմանադրական այն գործիքներն են, որոնց կիրառմամբ խորհրդարանը ուղղակի կամ միջնորդավորված մասնակցելու է իրավապահ համակարգի, կամ ավելի ճիշտ է ասել՝ իրավապաշտպան համակարգի կատարելագործմանը:
Յուրաքանչյուր պատգամավորի հետևողականությունը և խորհրդարանական մշտական վերահսկողությունը պետք է հանգեցնեն նրան, որ այդ համակարգի գործունեության թափանցիկությունը և հանրային հաշվետվողականությունը հասնի սովորույթի մակարդակի, դառնա աշխատաոճ: Համոզված եմ, որ դուք դա գիտակցում եք:

Միաժամանակ ցանկանում եմ ուշադրություն դարձնել կարևոր մի հանգամանքի վրա: Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ նորացված Սահմանադրությամբ էապես բարձրանալու է կուսակցությունների դերը մեր հասարակականքաղաքական կյանքում: Նաև շեշտել ենք, որ քաղաքական կուսակցությունների հիմնական շարժիչ ուժը լինելու են գաղափարակից համախոհները: Սակայն որպես երկրի Նախագահ և որպես հանրապետության խոշորագույն քաղաքական կառույցի ղեկավար՝ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական բոլոր ուժերին հորդորում եմ արդարադատություն և իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձանց ընտրելիս կամ մարմիններ ձևավորելիս առաջնորդվել ոչ թե «նա մեր համախոհն է», այլ «նա իր գործի գիտակն է» սկզբունքով: Միայն նման մոտեցմամբ մենք կարող ենք արդարադատության գործուն համակարգ երաշխավորել:

Ցանկանում եմ նաև ընդգծել, որ այդպիսի համակարգը կարող է հաջողություն ունենալ միայն կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության պայմաններում: Իհարկե, այսօր կոռուպցիայի դեմքը փոխվել է: Աստիճանաբար այն ավելի տեսանելի և խոցելի է դառնում: Պետությունը շարունակում է հասարակության և անհատի մեջ արմատավորել «կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականության» մշակույթը: Բայց մենք չենք կարող բավարարվել առկա ձեռքբերումներով: Մենք պետք է կատարելագործենք հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը և ապահովենք դրա հետևողական զարգացումը: Բոլորս գիտակցում ենք, որ առանց դրա ցանկացած նախաձեռնություն դատապարտված է անհաջողության:

«Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա». սա է ցանկալի հաջողության բանաձևը: Այստեղ է, որ մենք պետք է հենվենք գործի գիտակների վրա: Կոռուպցիան դիլետանտների համար է գրավիչ, պրոֆեսիոնալների համար այն տհաճ է, վանող և պարզապես անշահավետ:

Նորընտիր Ազգային ժողովին բաժին է հասել նաև շատ յուրահատուկ մի առաքելություն: Դուք եք ապահովելու պետական կառավարման համակարգի ձևափոխումը: Ձեր ուսերին է ընկնելու խորհրդարանական համակարգին անցնելու պայմաններ ստեղծելու դժվարին, բայց միաժամանակ պատմական դերակատարումը: Եվ հենց դրանից է կախված անցումային այս փուլը հաղթահարելու հաջողությունը: Որքան սահուն և լիարժեք կազմակերպվի այս գործընթացը, այնքան անխափան կաշխատի բարեփոխված պետական մեքենան:

Պետական իշխանության արդյունավետության բանալին իշխանության թևերի ներդաշնակ փոխգործակցությունը և փոխկապակցվածությունն ապահովելն է: Համենայնդեպս, պետական աշխատանքի երկար տարիների իմ փորձը դա է հուշում:

Պատկերացնում եմ Ազգային ժողովի և պետական մյուս մարմինների համագործակցության շատ ավելի բարձր աստիճան: Իսկ ես՝ որպես պետության գլուխ, որպես Սահմանադրության պահպանման երաշխավոր, ինչպես երեկ, այսօր էլ հայտարարում եմ իմ պատրաստակամությունը՝ Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորությունների շրջանակում օժանդակելու և նպաստելու այդ համագործակցության ու փոխադարձ կապի ամրապնդմանը:
Ես դա անելու եմ նաև վաղը՝ առնվազն մինչև իմ՝ որպես Նախագահի պաշտոնավարման ավարտը:

Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք միասին կարողանալու ենք հետևողականորեն ուժեղացնել խորհրդարանի դերը և ազդեցությունը, ընդ որում՝ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Չէ՞ որ խորհրդարանը նաև քաղաքական երկխոսության, բազմակարծության և տարբեր գաղափարախոսությունների արտահայտման գլխավորհարթակն է:

Այն քաղաքական մշակույթ ձևավորող կարևորագույն ինստիտուտ է, որտեղ պետք է սկիզբ առնի և բյուրեղացվի քաղաքական մրցակցությունը: Սահմանադրական նոր կարգավորումների լույսի ներքո Ազգային ժողովի գործունեությունը պետք է միտված լինի ոչ միայն պետականության ամրապնդմանը, այլև պառլամենտարիզմի զարգացմանը: Հավատացած եմ, որ կայացած պառլամենտարիզմը, իր գաղափարախոսական և վերահսկողական բոլոր դրսևորումներով, մեր նորացված պետականության զարգացման թիվ մեկ գրավականն է լինելու:

Միջազգային հանրությունը բարձր գնահատեց Հայաստանի կամքը և պատրաստակամությունը՝ անցկացնելու ժողովրդավարության և պետականաշինության առաջընթացի մասին վկայող ընտրություններ: Ես ուրախ եմ դրա համար: Կարծում եմ՝ դուք նույնպես: Դուք ստացել եք անհրաժեշտ վստահության քվեն: Ինչպես ասում են՝ լավ սկիզբը գործի կեսն է: Մնում է շարունակել և առաջ տանել սկսած գործը:

Սիրելի՛ հայրենակիցներ,
2013 թվականին նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումներ՝ մենք այն պայմանավորում էինք իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ։

Երբ մենք խոսում էինք առկա հիմնախնդիրների մասին և դրանց մի մասը պայմանավորում կառավարման ձևի առանձնահատկություններով, իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի ոչ հետևողական իրացմամբ, համակարգային առումով ոչ կատարյալ լուծումներով, քաղաքական և սահմանադրական մշակույթի ցածր մակարդակով, կուսակցական համակարգի ոչ բավարար կայացվածությամբ, շատերը թերահավատորեն էին վերաբերվում այս հանգամանքին։ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներին հաջորդած ժամանակահատվածը և հատկապես 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունները և հետընտրական իրավիճակը եկան հաստատելու, որ խնդիրների լուծման ճանապարհը մեր կողմից ճիշտ է ընտրված:

Կառավարման խորհրդարանական ձևին անցնելու միջոցով մենք էապես փոքրացրել կամ նույնիսկ վերացրել ենք քաղաքական դիմակայությունը կամ ճգնաժամը հանրային առճակատման վերածելու վտանգը։ Խորհրդարանական կառավարման ձև հաստատելով՝ մենք չեզոքացրել ենք քաղաքական մենիշխանության սպառնալիքը։ Կարծում եմ, որ սահմանադրական փոփոխությունները վերացրեցին նաև իշխանության տարբեր մարմինների և պաշտոնատար անձանց գործառույթների ու լիազորությունների միջև առկա անհամամասնությունները:

Այս փոփոխությունները բավարար սահմանադրական հիմք են ստեղծել, որպեսզի Հանրապետության Նախագահ – Ազգային ժողով, Հանրապետության Նախագահ – կառավարություն, Ազգային ժողով – կառավարություն փոխհարաբերություններում, ինչպես նաև պետական իշխանության տարբեր մարմինների մի-ջև սահմանադրական լիազորությունների առնչությամբ ծագած վեճերը լուծվեն ոչ թե քաղաքական, այլ իրավական հարթությունում։

Սահմանադրական փոփոխությունները հաղթահարեցին գործադիր իշխանության գործառութային երկատվածությունը։ Գործադիր իշխանության գործառութային լիազորություններով օժտված է լինելու կառավարությունը, իսկ Հանրապետության Նախագահին վերապահված են լինելու պետության գլխին բնորոշ՝ գերազանցապես հակակշռող և զսպող լիազորություններ։

2015 թվականի սահմանադրական փոփոխությունները, կարևորելով Ազգային ժողովի օրինաստեղծ և վերահսկողական գործառույթների հետագա զարգացման խնդիրը, ամրապնդեցին Ազգային ժողովի մարմինների դերն օրենսդրական գործունեության բնագավառում, մեծացրեցին խորհրդարանի կշիռը պետական իշխանության ու կառավարման մարմինների ձևավորման գործում, ընդլայնեցին նրա վերահսկողական լիազորությունների շրջանակը, ամրապնդեցին խորհրդարանական փոքրամասնության իրավունքների սահմանադրական երաշխիքները։

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում էականորեն ընդ-լայնվել է պառլամենտում ներկայացված քաղաքական ընդդիմության դերը: Խորհրդարանական համակարգում հիմնական քաղաքական բաժանարար գիծը ոչ թե կառավարության և խորհրդարանի, այլ քաղաքական մեծամաս-նության և խորհրդարանական փոքրամասնության միջև է: Ուստի, խորհրդա-րանական փոքրամասնությանը Սահմանադրությունը վերապահել է իր դերին համարժեք իրավունքներ:

Սահմանադրությունը խորհրդարանական ընդդիմությանը կարևոր դերակատարում է վերապահել սահմանադրական օրենքների ընդունման հարցում, որոնք պետք է արժանանան որակյալ մեծամասնության, այն է՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի հավանությանը. Ազգային ժողովի կանոնակարգ, Ընտրական օրենսգիրք, Դատական օրենսգիրք, Սահմանադրական դատարանի մասին օրենք, Հանրաքվեի մասին օրենք, Կուսակցությունների մասին օրենք և Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենք: Սրանք այն օրենքներն են, որ անմիջականորեն ազդում են մարդու հիմնական իրավունքների և ազատությունների, ինչպես նաև պետական իշխանության կազմակերպման վրա, ուստի պահանջում են ավելի մեծ կայունություն և ավելի լայն համաձայնություն:

Նույն կերպ խորհրդարանական փոքրամասնությունն ազդեցություն է ունենալու Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի նախագահի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի անդամների ընտրության ժամանակ, ինչպես նաև դատական իշխանության մարմինների ձևավորման գործում, քանի որ դրանց համար ևս պահանջվելու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը:
Դրա հետ մեկտեղ քաղաքական փոքրամասնությունն ունենալու է քննիչ հանձնաժողովներ ստեղծելու և դրանք նախագահելու, Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկի պաշտոնը զբաղեցնելու, ինչպես նաև որոշակի դեպքերում Սահմանադրական դատարան դիմելու հավելյալ հնարավորություններ:

Այս փոփոխությունների արդյունքում՝

1) կլինի միասնական գործադիր իշխանություն՝ վարչապետի գլխավորությամբ,
2) Հանրապետության Նախագահը նոր լիազորություններով կլինի վերկուսակցական անաչառ արբիտր,
3) խիստ կնվազի իշխանության անձնավորումը,
4) չի լինի իշխանության գերկենտրոնացում գործադիր իշխանության ղեկավարի ձեռքում, իսկ կառավարության քաղաքական պատասխանատվությունը խորհրդարանի առջև կնպաստի կոլեգիալ կառավարմանը,
5) կբարձրանա խորհրդարանի ինչպես օրենսդիր, այնպես էլ վերահսկողական դերակատարությունը,
6) խորհրդարանի քաղաքական դերի բարձրացման շնորհիվ երկրում աստիճանաբար կձևավորվի իշխանության և ընդդիմության երկբևեռ դասական քաղաքական համակարգ,
7) երկիրը կկարողանա ավելի ճկուն լինել արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմագրավելու հարցում, քանի որ քաղաքական որոշումների ընդունման ամբողջ գործընթացը կլինի ավելի կոլեգիալ։

Հարգելի՛ պատգամավորներ,

Սահմանադրական նոր կառուցակարգերը մենք ամրագրել ենք բուռն ու երկարատև քննարկումների արդյունքում: Այս փոփոխությունների բուն նպատակն ավելի հավասարակշռված, արդյունավետ, վերահսկելի ու միասնական իշխանություն ունենալն է: Թե որքանով դա կհաջողվի, էապես կախված է այստեղ գտնվող մարդկանցից, առաջին հերթին այս դահլիճում ներկայացված կուսակցությունների, պատգամավորների ու կառավարության գործունեությունից:

Կառավարման խորհրդարանական ձևը պառլամենտի ու կառավարության գործունեության նոր կարգ ու փիլիսոփայություն է ենթադրում: Արդյունքում այս հարթակը դառնալու է այն թիվ մեկ քաղաքական ամբիոնը, որտեղից պետք է հնչեն անվտանգ, ապահով, արդար պետություն ունենալու ճանապարհներ մատնանշող ելույթներ:

Այս դահլիճը այն թիվ մեկ դահլիճն է լինելու, որտեղ պետք է քննարկվեն ու որոշումներ ընդունվեն մեր պետության արտաքին ու ներքին քաղաքականության ամենատարբեր ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ: Ասել է թե ընդամենը շատ կարճ ժամանակ անց հենց ձեր որոշումներով է ամբողջությամբ պայմանավորված լինելու, թե ինչպիսի հայրենիք մենք կունենանք վաղը, հինգ տարի հետո, հիսուն, հարյուր տարի հետ

Բոլոր ժամանակներն էլ իրենց խնդիրներն են առաջացնում. մենք այս դահլիճում կայացրած որոշումների արդյունքում ավելի քիչ խնդիրներ ունեցող հայրենիք պիտի փոխանցենք մեր սերունդներին, ավելի հզոր, իր ոտքերի վրա ամուր կանգնած պետություն պիտի փոխանցենք մեր սերունդներին:

Ակնհայտ է այն լիազորությունների մեծ ծավալը, որը շատ կարճ ժամանակ հետո ունենալու են պատգամավորներն ու կառավարության անդամները: Եթե կիսանախագահական համակարգում գոյություն ուներ այս երկու մարմիններից փաստացի ավելի բարձր կանգնած մի ինստիտուտ՝ Հանրապետության Նախագահի ինստիտուտը, որը դեռ կարող էր շտկել հնարավոր սխալները կամ ապահովագրեր այս մարմիններին հնարավոր թերացումներից, ապա խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում այդպիսի ինստիտուտ այլևս գոյություն ունենալ չի կարող: Ուստի պետք կլինի ապավինել միայն սեփական ուժերին, փորձին, շրջահայացությանը:

Լիազորությունների մեծացումը հենց այնպես չի լինում: Ձեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է ոչ միայն իր քաղաքական ուժի առջև, այլ, նախ և առաջ ընտրողի առջև, այն բոլոր մարդկանց առջև, ովքեր այստեղ նստածների օգտին քվեարկելով, նրանց հետ հույս են կապել, ավելի լավ հայրենիք ունենալու հույս, ավելի անվտանգ ու ավելի արդար հայրենիք ունենալու հույս: Ու մենք՝ այստեղ գտնվողներս, իրավունք չունենք հուսախաբ անելու այդ մարդկանց:

Իսկ հուսախաբ չանելու համար մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ այս դահլիճում տիրի փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության մթնոլորտ, որ այս դահլիճում տարաձայնությունները լուծվեն բանակցությունների և քննարկումների միջոցով, որ ձեզնից յուրաքանչյուրն իր նեղ անձնական, շրջապատի և, վերջապես, իր կուսակցության շահից վեր դասի պետության ու հայրենիքի շահը:

Հուսախաբ չանելու համար անհրաժեշտ է նաև, որ այստեղ նստած յուրաքանչյուր ոք գիտակցի, որ կարծիքների տարբերությունը, նույնիսկ հակասությունը բնավ չպետք է թշնամացնի ձեզ: Մենք պարտավոր ենք գիտակցել, որ մեծամասնություն լինել չի նշանակում բոլոր հարցերի ճիշտ լուծումներն իմանալ, որ քաղաքական մեծամասնությունն ու քաղաքական փոքրամասնությունը ոչ թե հակառակորդներն են, այլ մեր պետության առաջ կանգնած խնդիրների լուծման տարբեր ճանապարհներ տեսնող մարդիկ:

Հուսախաբ չանելու համար պետք է մոռանալ նախընտրական փուլում միմյանց հասցեին հնչեցրած մեղադրանքները. արդար լինելու համար պետք է նկատեմ, որ այս ընտրությունների ժամանակ դրանք ավելի չափավոր էին, քան նախկինում:

Անցյալում պետք է թողնել նաև այս ամբիոնից միմյանց փոխադարձ մեղադրանքներ ներկայացնելը որպես գլխավոր ու վերջնական անելիք համարելը:

Պառլամենտական բանահյուսությանը միգուցե և բնորոշ են սրամտությունները, բառախաղերը, բայց ես հակված եմ այս ամբիոնից սուր, քննադատական, սակայն հիմնավորված, փաստարկված ելույթներ լսել, քաղաքական ճաշակ ու կողմնորոշում ձևավորող խոսք ունկնդրել: Վստահ եմ, որ նման ելույթներ հնչեցնելու կարողություն ունեցող պատգամավորների պակաս այս դահլիճում չկա:

Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել մի երևույթի վրա ևս: Երբ ծանոթանում ես քվեարկություններին, տեսնում ես, որ որոշ պատգամավորներ օրենքների 95 և ավելի տոկոսին դեմ են քվեարկել: Առկա է մի ընկալում, որ ընդդիմադիր պատգամավորը, ով կողմ է քվեարկել իշխանության նախաձեռնությանը, այլևս ընդդիմություն չէ, կամ ավելի վատ՝ ծախված է: Այս տրամաբանությունն ու մտածողությունը լավ բանի չեն հանգեցնի: Ես ուզում եմ, որ քվեարկելիս ոչ թե այս տրամաբանությամբ առաջնորդվեք, այլ քվեարկության հիմքում դնեք մի պարզ ճշմարտություն. այդ որոշումն ինչ օգուտ ու ինչ վնաս է տալու մեր պետությանը, մեր հայրենիքին:

Այս օրերին ինձ առավել հաճախ տրվող հարցերից մեկն այն է, թե արդյոք ես գոհ եմ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներից: Որպես Հանրապետական կուսակցության նախագահ, ես գոհ եմ մեր կուսակցության արձանագրած արդյունքներից: Ինչ վերաբերում է մյուս կուսակցությունների ստացած մանդատներին, ապա ես հարգում եմ մեր ընտրողների ազատ կամարտահայտությամբ ձևավորված կարծիքը և պատրաստ եմ աշխատել ներկայացված բոլոր կուսակցությունների հետ՝ անկախ մեր քաղաքական հայացքներից, ակնհայտ կամ թաքնված տարբերություններից:

Հարգելի՛ գործընկերներ,

Սահմանադրական բարեփոխումների միջոցով մենք լավ հիմք ենք ստեղծել հաղթահարելու Սահմանադրության և իրական կյանքի միջև առկա անջրպետը: Մենք այսօր, առավել քան երբևէ, վճռական ենք սահմանադրականության ու հասարակական հարաբերությունների սահմանադրականացման ճանապարհով գտնելու քաղաքական, սոցիալ-տնտեսական և այլ բնույթի հիմնախնդիրների լուծման իրավական ճանապարհները: Մենք, առավել քան երբևէ, հավատում ենք այն ճշմարտությանը, որ կայուն զարգացման, առաջընթացի, անվտանգության, արդարության հաստատման երաշխիքը սահմանադրականության դեֆիցիտի հաղթահարումն է:

2015 թվականի սահմանադրական փոփոխությունները լավ հիմք են դրել պետությունում քաղաքական, տնտեսական և վարչական ներուժի սերտաճումը բացառելու, քաղաքական ուժերի նպատակների ու գործունեության, ինչպես նաև իշխանության քաղաքական ու հանրային վարքագծի սահմանադրականացումը երաշխավորելու և ապահովելու համար:

Եվ, վերջապես, 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները նոր փուլ են իրավունքի գերակայության սկզբունքի հետևողական կայացման և մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերի կատարելագործման ճանապարհին:

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում ստեղծել ենք սահմանադրական արդյունավետ հենք, որպեսզի մարդու իրավունքները լինեն սահմանադրորեն ճանաչված, օրենսդրորեն երաշխավորված, համարժեք կառուցակարգային լուծումներով ապահովված ու պաշտպանված։ Որպեսզի հարգվի ու երաշխավորվի օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, որպեսզի օրենքները և այլ իրավական ակտերը համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին, լինեն կանխատեսելի, հստակ, զերծ բացերից ու երկիմաստություններից։ Որպեսզի երաշխավորվի կամայականության արգելքի սկզբունքը, և հստակեցված լինեն հանրային իշխանության մարմինների հայեցողության սահմանները, որպեսզի պետությունը դրական պարտականություն կրի իրավունքների երաշխավորման, ապահովման ու պաշտպանության հարցում և ստանձնի համարժեք հանրայինիրավական պատասխանատվություն։ Որպեսզի իրավունքներին ցանկացած միջամտություն և իշխանության ցանկացած գործողություն բխեն համաչափության սկզբունքից, որպեսզի իրավական վեճերը լուծվեն բացառապես իրավական ճանապարհով, արդյունավետ լուծման անհրաժեշտ կառուցակարգեր ունենան, որպեսզի արդարադատությունը լինի անկախ և անկողմնակալ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք այսօր պայքարի երկու ճակատ ունենք՝ մեկն արտաքին թշնամին է, մյուսը՝ ներքին: Արտաքին թշնամուն լավ ենք ճանաչում, գիտենք նաև նրա դեմ արդյունավետ պայքարելու ձևերն ու եղանակները: Փառք ու պատիվ մեր նահատակ զինվորներին ու սպաներին, փառք ու պատիվ այսօր սահմանին կանգնած մեր զինվորին ու սպային:

Արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է ներքին թշնամին: Ներքին թշնամին, որոշակի մտածողությունն ու որոշակի երևույթներ են: Այդ երևույթներից ամենավտանգավորը, թերևս, անարդարությունն է:

Անարդարությունը ցանկացած պետության համար չարիք է, հիվանդություն, որը հյուծում ու թուլացնում է պետությունը, որը վերացնում է ապագայի նկատմամբ հավատը, թուլացնում է պետության նկատմամբ սերը, պետությունից վանում է իր հազարավոր զավակներին: Ուստի մենք այսօր, առավել քան երբևէ, պայքարի մեկ այլ ճակատ ունենք, որտեղ հաղթանակը ոչ պակաս կարևոր է: Մենք այսօր պատերազմի նոր փուլ ենք հայտարարում անարդարությանը:

Դիմում եմ բոլորին. մեզնից յուրաքանչյուրը, ինչպես որ պայքարել ու պայքարում է մեր հայրենիքի անկախության, նրա սահմանների անվտանգության համար, նույնպիսի նվիրվածությամբ ու ջանասիրությամբ պիտի պայքարի արդարության համար: Արդարությունը պետք է լինի այն կենարար գաղափարը, որով պետք է սնվեն մեր մանուկները, որով պետք է առաջնորդվեն մեր պետական ծառայողները, որով պետք է ապրեն մեր դատավորները:

Մեզնից յուրաքանչյուրն արդարությունը պետք է պաշտպանի առնվազն այնպես, ինչպես մեր զինվորն է այսօր մեր սահմանը պահպանում: Սահմանը լքելը բոլոր ժամանակներում դավաճանություն է դիտարկվել: Մեր հայրենիքի վաղվա օրվա հանդեպ դավաճանություն պիտի համարենք ցանկացած մեկի, առավել ևս դատավորի թույլ տված անարդարությունը:

Գուցե մի փոքր էմոցիոնալ ստացվեց ասելիքս, բայց երևի այլ կերպ հնարավոր չէ. միայն լավ օրենքներով այս չարիքը մեզնից չենք կարող հեռացնել, ինչպես որ միայն լավ դեղամիջոցներով չենք կարող բուժվել, եթե չենք հավատում մեր ուժերին, մեր բուժվելուն ու ներքին ողջ լարումով դուրս չենք գալիս ներսից մեզ հյուծող չարիքի դեմ:
Վստահ եմ, որ Սահմանադրական դատարանի մասին նոր օրենքը, Դատական օրենսգիրքը, այս ոլորտին առնչվող այլ կանոնակարգումները և բոլորիս համատեղ ջանքերը նոր որակի են բարձրացնելու մեր արդարադատությունը: Այս ճանապարհին ցանկացած թուլացում անընդունելի է, այս ճանապարհից ցանկացած շեղում՝ դատապարտելի:

Հարգելի՛ պատգամավորներ,

Ուշադրությամբ հետևել եմ բոլոր քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավին։ Շատ մտքեր հնչեցին, եղան քննադատական ելույթներ, մոտեցումների տարբերություններ։ Բայց երբ մտքում զտում ես հրապարակված կարծիքները, ապա դրանք ի վերջո հանգում են միևնույն գաղափարին. մենք պետք է կառուցենք ուժեղ Հայաստան։ Սա էր, ի վերջո, բոլորի ասածը։ Սա՛ է մեր ազգային նպատակը:

Համոզված եմ, որ այս նպատակին են ուղղված եղել նախկին և ներկա կառավարությունների ջանքերն ու աշխատանքը: Այդ նպատակին են ուղղված լինելու նաև վաղվա կառավարությունների ջանքերը: Հետևաբար, խիստ կարևորում եմ այնպիսի երկարաժամկետ նպատակային տնտեսական ցուցանիշների ամրագրումը, որոնց իրագործելը Հայաստանի կառավարությունների համար կլինի ոչ միայն պարտավորություն, այլև պատվի և արժանապատվության հարց:

Հայաստանի անկախացումից անցել է ավելի քան 25 տարի: Այն բավարար ժամանակ է խոր վերլուծություններ կատարելու և հետևություններ անելու համար: Ժամանակն է, որ մեր ծրագրման, թիրախների ամրագրման հորիզոնը դառնա առնվազն 20-25 տարի, արտահայտի այն ցանկություններն ու նպատակները, որոնց մենք ձգտում ենք և հասնելու ենք մեր աշխատանքի շնորհիվ՝ անկախ կուսակցական պատկանելությունից:

Մենք չունենք ածխաջրածիններ և մեծաքանակ այլ բնական ռեսուրսներ, սակայն Հայաստանի եզակի բնակլիմայական պայմաններն ու աշխարհագրական դիրքը և ամենակարևորը՝ ստեղծագործ ու նախաձեռնող քաղաքացիները մեր տնտեսության երկարատև կայուն աճի ու մարդկանց բարեկեցության բարձրացման կարևոր և իրատեսական գրավականներն են: Բնական պաշարները սպառվելու հատկություն ունեն, մարդկային ներուժը՝ ոչ։ Ավելին, այն կարող է մեծանալ»:

 Իրավաբան.net    

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել