ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործուղումների նոր որոշումներ է ստորագրել։ Էլեկտրոնային կառավարման համակարգից տեղեկանում ենք, որ վարչապետի որոշմամբ կառավարությունը կհոգա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի՝ 2017 թվականի ապրիլի 12-13-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը, ինչպես նաև գործադիրը չեղյալ է ճանաչում Արծվիկ Մինասյանին Շվեյցարիա, իսկ Խաչիկ Հակոբյանին՝ Վրաստան գործուղելու մասին իր ընդունած որոշումները։
Նոր որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը 2017 թվականի մայիսի 15-18-ը գործուղվելու է Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և ՄԱԿ-ի Հաբիթաթի հետ համատեղ կազմակերպված Ազգային քաղաքաշինության քաղաքականության երկրորդ միջազգային համաժողովին մասնակցելու համար, իսկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը 2017 թվականի մայիսի 14-16-ը կմեկնի Գերմանիա։
Կառավարությունը կհոգա տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանի՝ Ռուսաստան կատարած գործուղման ծախսերը։
Բացի այդ, պետական բյուջեից 1,5 մլն դրամ կվճարվի՝ Ավստրիայի Հանրապետության նախկին նախագահ Հայնց Ֆիշերի գլխավորած պատվիրակության` 2017 թվականի ապրիլի 21-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերի համար։