ԱԽ-ն առաջարկել է կաշառքի գործով անցնող դատավորին որպես մեղադրյալ ներգրավել և նրան կալանավորել

Դատական դեպարտամենտից հայտնում են, որ 2017 թվականի մայիսի 12-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում Խորհուրդը, քննարկելով ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունները և ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով, որոշեց.

1. ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Արազյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

2. ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Արազյանին կալանավորելու վերաբերյալ:

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մայիսի 11-ին ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Քրեական գործով անձին տուգանքի դատապարտելու համար դատավորը պահանջել և անձամբ ստացել է 600 ԱՄՆ դոլար գումար։

Գումարի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն։

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել