Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն մայիսի 3-4-ը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի երկաթուղու վարչության պետ Արսեն Մուսոյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն Իրանում էին:
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ գործարարների, տրանսպորտային ընկերությունների և 46 նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաև Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, ով մեծ աջակցություն է ցուցաբերել հանդիպման կազմակերպման և անցկացման հարցում:
Քննարկման ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ներկայացրել է Հայաստանի տարածքով, այդ թվում երկաթուղային ենթակառուցվածքի օգտագործմամբ, Իրանից եվրոպական երկրներ և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացման նախագիծը:
Փոխադրումների՝ այս միջանցքի գործարկման ուղղությամբ աշխատանքները շարունակական են, քանի որ նախարարության գերակայություններից է Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների ծավալի մեծացումը: Գերմանական և վրացական երկաթուղիների աջակցությամբ արդեն իսկ կայացել է առաջին թեստային փոխադրումը Դույսբուրգ-Թեհրան երթուղով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության դիրքորոշումը ներկայացրել և ներկաներին հուզող հարցերին պատասխանել է Երկաթուղու վարչության պետ Արսեն Մուսոյանը:
Հանդիպմանը ներկա 120 գործարարներ և տրանսպորտային ընկերությունների ղեկավարներ մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ներկայացվող այս այլընտրանքային նախագծի նկատմամբ: