Գազալցակականների կողմից տեխնիկական անվտանգությունների պահպանումը և մատուցվող ծառայությունների որակը վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 4-ին գնահատեց խիստ անբավարար։
Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ նա, անդրադառնալով ոլորտի խնդիրներին, ընդգծեց, որ միայն վերջին շրջանում արձանագրվել են գազալցակայաններում և գազաբալոնների պայթման մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է այս ոլորտի թերի վերահսկողությամբ․ «Խիստ մտահոգիչ է նաև այն, որ մինչ օրս առկա չէ գազալցակայաններում տրամադրվող մթնոլորտային ճնշման չափը խախտելու դեպքերի կանխարգելման գործուն համակարգ»,- ասաց պարոն Կարապետյանը։
Գազալցակայաններից մեկում պայթունի վերջին դեպքը տեղի է ունեցել ապրիլի 23-ին, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ դեպքը եղել է Վայոց ձորի մարզի Արփի գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանում, պայթունի հետևանքով տեղում մահացել է մեկ անձ, 2-ը՝ վիրավորվել։
Կարեն Կարապետյանն այսօր պատկան մարմիններին հանձնարարեց, ամփոփելով նշված ոլորտում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները, կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություններ առկա խնդիրները լուծելու ուղղությամբ։