ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Հատկացվել է 2637 տեղ, որից 137–ը ՀՀ պետբյուջեից առանց լրացուցիչ ֆինանսավորման: Որոշման նպատակը պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստումը, սոցիալապես անապահով դիմորդներին անվճար բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության ընձեռումը, նպատակային ուսուցման տեղեր հատկացնելու միջոցով բարձր լեռնային, սահմանամերձ շրջաններ բարձրագույն կրթությամբ մասնագետների գործուղումը:
Հաստատվել է նաև բուհերի 2017-2018 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների. Ըստ այդմ՝ առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով հատկացվել է 1650 տեղ, որից 1259 տեղ` առանց տարկետման իրավունքի /այդ թվում բանակից զորացրվածների համար 111 տեղ/, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով՝ 391 տեղ :
ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ հաստատվել է 2017-2018 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը, որոնք
բաշխվել են հետևյալ կերպ.
1) ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝
ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 140 տեղ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով,
բ. նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 228 տեղ,
գ. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ.
2) օրդինատուրա ընդունելության տեղերը` պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 95 տեղ.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 12 տեղ.
4) դոկտորանտուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 13 տեղ:
Ուսումնական տարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա, ինչպես նաև օրդինատուրայի ընդունելության ուսուցմամբ թափուր մնացած տեղերը բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում վերաբաշխում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը՝ համաձայն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերի՝ տրամադրված տեղերի շրջանակներում: