Բյուրականի աստղադիտարանում մեկնարկել է միջազգային ամենահեղինակավոր՝ NASA-ի Տիեզերական հավելվածների վեցերորդ մրցույթը, որին Հայաստանը մասնակցում է արդեն երկրորդ անգամ: ԱՄՆ օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիան՝ NASA-ն, միջազգային մրցույթի մասնակիցների առջև դրել է հավակնոտ խնդիր. 24 ժամվա ընթացքում մշակել և ներկայացնել նորարարական լուծումներ և առաջարկներ՝ կիրառելով տվյալների վիրտուալացում, կոդավորում, դիզայն և այլ միջոցներ:
Հայաստանյան փուլին մասնակցության հայտ ներկայացրած թիմերը հավելվածային լուծումներ են առաջարկելու «Երկիրը և մենք», «Կապույտ մոլորակ», «Զգուշացեք, առջևում վտանգ կա», «Մեր էկոլոգիական միջավայրը» և «Մտածեք և ստեղծեք» թեմաների շրջանակներում:
Հինգ թեմայի շուրջ կազմակերպած մրցույթի ընթացքում մասնակիցներ իրենց գիտելիքները չափելու են և՛ թիմային, և՛ անհատական մասնակցության շրջանակում: Ընդհանուր առմամբ, նորարարական բաց հարթակում մրցելով, մասնակիցները կարող են հասնել կարևոր նպատակների. տարբեր մարտահրավերների լուծման նպատակով օգտվել NASA-ի և առանցքային այլ կազմակերպությունների իրական տվյալների շտեմարաններից և առաջարկել կիրառական նշանակություն լուծում:
Մրցող թիմերի աշխատանքները ներկայացվելու են տեղական և միջազգային ժյուրիի գնահատմանը: Դրանց հիմքում ուսանող, սկսնակ, փորձագետ ճարտարագետների, կոդավորման ծրագրավորողների, դիզայներների և վերլուծաբանների կողմից մշակված նորարարությունները, նախաձեռնություններն ու գաղափարներն են:
«Բյուրականի աստղադիտարանը համախբել է միջազգային ամենահեղինակավոր մրցույթի հայաստանյան փուլի մասնակիցներին: Հպարտ եմ արձանագրել, որ նրանք իրենց առջև դրված առաջադրանքի իրականացման ըթացքում՝ օգտվելու են մեր տրամադրած գերարագ կապից: Աստղագիտության բնագավառում մեր երկրի նվաճումներն անգնահատելի են: Գիտության հանդեպ այս երիտասարդների սերն ու ձգտումը թույլ են տալիս հավատալու, որ այդ ավանդույթները շարունակվելու են և ոլորտի հետագա զարգացումը երաշխավորված է լինելու», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Միջազգային այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի կազմակերպիչը «X-TECH» ընկերությունն է, համակազմակերպիչը՝ «Locator» ընկերությունը:
Կարևոր համարելով աստղագիտության բնագավառում մեր երկրի նվաճումները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մրցույթի մասնակիցներին ապահովել է գերարագ ինտերնետ կապով: