Հաշվի առնելով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները, 2017թ. ապրիլի 28-ին փաստաբանների պալատի նախագահը կարգապահական վարույթ է հարուցել 2017թ. ապրիլի 27-ի միջադեպի մասնակից փաստաբաններ՝ Սիմոն Բաբայանի, Վրեժ Խաչիկյանի, Արսեն Հարությունյանի, Գևորգ Մկրտչյանի, Տիգրան Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանի նկատմամբ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.2, 2.2.3, 5.1.2 և 5.2.1 ենթակետերի խախտման հատկանիշներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից:
Փաստաբանի վարքագծի կանոնագրքի համաձայն՝
2.2.2 ենթակետ – փաստաբանը չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել նրա հեղինակությունը, ազնվությունը և անձեռնմխելիությունը (հակառակորդ կողմի առաջարկների հանդեպ մատչելիություն):
2.2.3 ենթակետ– մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը:
5.1.2 ենթակետ– փաստաբանը պարտավոր է մյուս բոլոր փաստաբաններին ընդունել որպես մասնագիտական աշխատակիցներ և անկեղծ ու քաղաքավարի վերաբերմունք ցուցաբերել նրանց հանդեպ։
5.2.1 (1) ենթակետ– փաստաբանը չպետք է` թույլ տա այլ փաստաբանի նկատմամբ արժանապատվությունը և փաստաբանի համբավն արատավորող գործողություններ ու արտահայտություններ:
Ըստ սահմանված կարգի՝
- կարգապահական գործը հանձնվելու է փաստաբանների ընդհանուր ժողովի կողմից ընտրված գործը նախապատրաստողին՝ եզրակացություն կազմելու և խորհրդի ներկայացնելու համար.
- նախապատրաստողի եզրակացությունը ներկայացնելուց հետո, կարգապահական գործը հանձնվելու է ՀՀ փաստաբանների պալատի՝ 12 անդամից կազմված խորհրդին, որի իրավասության մեջ է մտնում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկումը.
- ՀՀ փաստաբանների պալատի նախագահը չի մասնակցում կարգապահական գործերով խորհրդի նիստերին:
Հիշեցնենք, որ ոստիկանությունում 2017թ. ապրիլի 27-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը փաստաբան Տ.Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկվել Տիգրան Աթանեսյանը և նրա ընկեր Արմեն Սողոմոնյանը: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ: Քննիչը վարույթ է ընդունել քրեական գործը, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, Տ.Աթանեսյանը և Ա.Սողոմոնյանը ճանաչվել են տուժող: