ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ապրիլի 28-ին ընդունեց առցանց տաքսի ծառայությունների և տաքսոմոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող մի շարք կազմակերպությունների ղեկավարների։ Հանդիպման նպատակն էր` մեկ անգամ ևս հստակեցնել տաքսի ծառայություն մատուցող ընկերություններին ներկայացվող պահանջները։ Այս մասին տեղեկացնեւմ են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարարը նշեց, որ պետք է տարանջատել էլեկտրոնային ծառայությունները տաքսի ծառայությունների մատուցումից։ Տաքսի ծառայություն մատուցող բոլոր մեքենաները պետք է լիցենզավորվեն և աշխատեն օրինական դաշտում։ Բոլորի համար պետք է լինեն հավասար մրցակցային պայմաններ։
«Ողջունելի է ցանկացած նոր տեխնոլոգիա, բայց պետք է տարանջատում լինի և պայմանագիր կնքվի միայն լիցենզավորված վարորդների հետ»,- ընդգծեց նախարարը։
Այս գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար հնչեցին մի շարք առաջարկություններ։
Վահան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ նախարարությունը ներկայում աշխատում է տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների շուրջ։ Նա բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրեց օրենքի նախագծի շուրջ ներկայացնելու իրենց առաջարկությունները։
Նախարարը շեշտեց, որ մինչ այդ, բոլորը պետք է աշխատեն գործող օրենքների շրջանակներում։