Ինչո՞ւ է պետական գնման մրցույթում հաղթել 8,6 մլն դրամով ավելի թանկ առաջարկ ներկայացրած ընկերությունը

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն 2016թ․ դեկտեմբերի 22-ին պայմանագիր է կնքել «Մեդտեխսերվիս» ՍՊԸ-ի հետ՝ ուլտրաձայնային հետազոտման սարքավորում գնելու համար։

Մինչ այս ՓԲԸ-ի կարիքները հոգալու համար մրցույթ էր հայտարարվել, որին բացի «Մեդտեխսերվիս» ՍՊԸ-ից մասնակցելու հայտ էր ներկայացրել նաև «Դիավանտ» ՍՊԸ-ն։ Այս ընկերության առաջարկը 8 մլն 660 հազար դրամով ավելի էժան էր, սակայն գնահատող հանձնաժողովը նախապատվությունը տվել է բարձր գին պարունակող առաջարկին։ Ինչո՞ւ։

Այսպես՝ 2016թ․ նոյեմբերի 18-ին գնահատող հանձնաժողովը նիստ է նշանակել, ի գիտություն է ընդունել երկու ընկերությունների հայտերը՝ նշելով, որ այդ հայտերում հրավերով պահանջված բոլոր փաստաթղթերն առկա են․ «Բոլոր փաստաղթերը կազմված են սահմանված կարգին համապատասխան՝ բացառությամբ «Դիավանտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացրած հավելված 4․1-ի, սակայն բովանդակությամբ պարզ է, որ մասնակիցն առաջարկում է նույն նպատակին ծառայող այլ բնութագրերով ապրանք (որպես այլընտրանքային տարբերակ), ուստի հանձնաժողովը որոշում է ընդունում հայտը չմերժել և մասնակցին տալ հնարավորություն ներկայացնելու առաջարկված ապրանքը»,- ասվում է հանձնաժողովի որոշման մեջ։

Մասնակիցների գնային առաջարկները հետևյալն էին՝ «Մեդտեխսերվիս» ՍՊԸ՝ 38 մլն 430 հազար դրամ, «Դիավանտ» ՍՊԸ՝ 29 մլն 770 հազար դրամ։

Այս հանգամանքները հիմք ընդունելով՝ հանձնաժողովը որոշել է հաղթող ճանաչել «Դիավանտ» ՍՊԸ-ին, սակայն հայտի ամբողջական գնահատման նպատակով հերթական նիստ է նշանակել։

Այդ նիստին արձանագրել է, որ «Դիավանտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, սակայն որոշել է մերժել այս ընկերության առաջարկը՝ պատճառաբանելով հետևյալը․ «Առաջարկված սարքավորման մոնիտորի չափը ավելի փոքր է նախատեսվածից, կետայնությունը՝ քիչ, կան նաև աշխատանքային ֆունկցիաների տարբեր լուծումներ, որոնք չեն ապահովում առավել հարմարավետություն մասնագետների համար, ուստի որպես այլընտրանքային տարբերակ առաջարկված ապրանքը նույն նպատակին է ծառայում, սակայն այդ ամենով հանդերձ այն չի կարող դիտվել որպես համարժեք հրավերով նախատեսվածին»։

Այս հանագամանքն էլ հաշվի առնելով հանձնաժողովը հաղթող է ճանաչել թանկ առաջարկ ներկայացրած ընկերությանը՝ «Մեդտեխսերվիս» ՍՊԸ-ին։

Ընկերության հետ կնքվել է պայմանագիր, որով այն պարտավորվում է բժշկական կենտրոնին տրամադրել EPIQ 5C ուլտրաձայնային հետազոտման սարքավորում՝ 38 մլն 430 հազար դրամից դիմաց։

Նշենք, որ այս գործարքում ընկերության շահույթը կազմելու է 3,6 մլն դրամ։ Պետք է նաև հավելել, որ թեև «Դիավանտ» ՍՊԸ-ի առաջարկը ավելի էժան էր, սակայն բարձր էր ընկերության շահույթը՝ 4,9 մլն դրամ։

Գևորգ Թոսունյան

Կարդացեք նաև՝

Պետական գնման մրցույթին հաղթել է 1,5 մլն դրամով թանկ առաջարկ ներկայացրած ընկերությունը

Լուսանկարը՝ Med-practic.com կայքից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել