ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից պատիժը կրելու ընթացքում խարդախությամբ քաղաքացիներից հափշտակություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է խարդախության մի քանի տասնյակ դրվագ, պարզվել կատարված հափշտակությունների մեխանիզմը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ հափշտակության մի շարք դեպքեր դատապարտյալն իրականացրել է ազատության մեջ գտնվող մեկ այլ քաղաքացու հետ միասին։
Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 7-ի դատավճռով ազատազրկման դատապարտված Ս.Դանիելյանը ՔԿ հիմնարկում պատիժ կրելու ընթացքում նախնական համաձայնության է եկել Երևան քաղաքի բնակիչ Ռ.Արզունյանի հետ՝ մի շարք քաղաքացիներից խաբեությամբ հափշտակություններ կատարելու վերաբերյալ:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ դատապարտյալը ՔԿՀ-ում իր կողմից ապօրինի օգտագործվող հեռախոսահամարների միջոցով զանգահարել է «List.am» ինտերնետային կայքում տարբեր ապրանքների, մասնավորապես` բջջային հեռախոսների, համակարգիչների և այլ տեխնիկական սարքերի հայտարարություններ տեղադրած անձանց, ներկայացել որպես տարբեր ընկերությունների տնօրեն կամ սեփականատեր՝ մտացածին անուն-ազգանուններով, և պատրաստակամություն հայտնել գնել ապրանքը՝ որպես իր ընկերության աշխատակից կամ առաքիչ Ռ.Արզունյանի կողմից գումարը կանխիկ, ինչպես նաև անկանխիկ վճարելու պայմանով։
Հանցավոր մտադրություններն ի կատար ածելու համար հեռախոսակապ է հաստատել տաքսի ծառայություններ մատուցելու վերաբերյալ նույն կայքում հայտարարություններ տեղադրած անձանց հետ և բարձր վարձատվություն տալու կեղծ խոստմամբ առաջարկել ապահովել իր ենթադրյալ ընկերության աշխատակից Ռ.Արզունյանի տեղաշարժը Երևան քաղաքում: Ռ.Արզունյանը հիշյալ անձանց ավտոմեքենաներով Ս.Դանիելյանի կողմից պայմանավորվածության արդյունքում Երևան քաղաքի տարբեր հասցեներում հանդիպել է տուժողներին, վերջիններից ձեռք բերել վերը թվարկված ապրանքները՝ գումարը վճարելու պայմանով, և խաբեությամբ հափշտակել դրանք:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ նման եղանակով՝ խարդախությամբ հափշտակություն է կատարվել 48 քաղաքացուց։
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ս.Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (9 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (16 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով (4 դրվագ),178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (17 դրվագ) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ):
Ռ.Արզունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (14 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (17 դրվագ) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: