Հասունացել է ժամանակը, որ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչությունը դադարի լինել փորձագետի եզրակացություններ կազմող հիմնարկ․ Երվանդ Վարոսյան

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ քրեական արդարադատության ոլորտում օգտագործվող ապացույցների շարքում իր կարևորագույն, երբեմն նաև վճռորոշ դերն ունի փորձագետի եզրակացությունը:

Ակնհայտ է, որ գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի որևէ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործմամբ փորձագետի գրավոր հիմնավորված հետևություններն իրեն առաջադրած հարցերի, ինչպես նաև իր իրավասության մեջ մտնող այն հանգամանքների վերաբերյալ, որոնց նա հանգել է` գործի համապատասխան նյութերը հետազոտելով, պետք է համապատասխանեն օբյեկտիվության հնարավորինս բարձր չափանիշի: Այդ գրավոր հետևություններից քրեական արդարադատությունում կախված են մարդկային ճակատագրեր, այդ հետևություններն են, որ հնարավորություն են տալիս փաստել ապացուցման ենթակա այս կամ այն հանգամանքի առկայությունը կամ բացակայությունը:

Իմ խորին համոզմամբ իրավակիրառ մարմինները ապացույցները գնահատելիս շատ ավելի մեծ նշանակություն են տալիս փորձագետի եզրակացությանը, քան օրինակ դատավարության տարբեր մասնակիցների ցուցմունքներին, որոնք շատ ժամանակ կարող են դիտարկվել անարժանահավատ, հաշվի առնելով դրանց հեղինակի կարգավիճակը կամ այլ սուբյեկտիվ գործոններ:

Այս տեսակետից առավել կարևորվում է Հայաստանում գործող փորձագիտական հիմնարկների ու փորձագետների անկախության հարցը: Այն, որ այս ոլորտի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրներ կան, այն որ փորձագիտական հիմնարկների վրա մեղադրանքի կողմի ոչ տեսանելի ազդեցության մասին շատ է խոսվում, այն որ պաշտպանության կողմն օրենքի ուժով զրկված է հակառակ կողմին հավասար պայմաններում այդ հիմնարկներից ապացույց ձեռք բերել՝ փաստեր են: Այսօր, սակայն, ցանկանում եմ բարձրաձայնել այս ոլորտում առկա մեկ ակնհայտ խնդիր: Հայաստանում գործող, քրեական վարույթն իրականացնող մարմինների որոշումների հիման վրա փորձագետի եզրակացություններ տրամադրող փորձագիտական հիմնարկներից մեկը ոչ ավել, ոչ պակաս քրեական դատավարության կողմերից մեկը հանդիսացող (հետաքննության մարմին) ՀՀ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում է: Խոսքը ՀՀ ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության մասին է:

Հայաստանի անկախությունից շուրջ 26 տարի անց, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումից 22 տարի անց դեռ հետաքննության մարմնի կազմում գործում է փորձագիտական հիմնարկ, որ քրեական դատավարությունում մեղադրանքի կողմում հանդես եկող մարմինների, այդ թվում նաև ոստիկանության կողմից կայացված որոշումների հիման վրա իրականացնում է փորձաքննություններ, տալիս է եզրակացություններ, որոնք որպես ապացույցներ օգտագործվում են, դրվում դատավճիռների հիմքում: Ինչքան էլ բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված լինեն այդ վարչության փորձագետները, անհնար է բացառել նրանց գերատեսչական կախվածությունը հետաքննության մարմնից, այն էլ այն մարմնից, ով պատասխանատու է հանցագործությունների բացահայտման, դրանց հաշվառման համար: Չէ՞ ոչ շատ ժամանակ փորձագետի կողմից տրվող եզրակացությամբ է հաստատվում կամ հերքվում առհասարակ օրենքով արգելված արարքի առկայության կամ բացակայության փաստը, փորձագետի եզրակացության հիման վրա է որոշվում, թե ենթադրյալ հանցագործությունը դասվում է ոչ մեծ, միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների շարքին և այլն: Ի դեպ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն որպես փորձագետ կարող է հանդես գալ միայն գործով չշահագրգռված անձը:

Ամեն դեպքում հիմնավորման կարիք անգամ չունի այն հանգամանքը, որ օբյեկտիվության, անկողմնակալության անհրաժեշտ չափանիշին չի կարող համապատասխանել դատավարության սուբյեկտներից մեկի կողմից տրված փորձագետի եզրակացությունը: Ամենևին պատահական չէ, որ օրինակ Գլխավոր դատախազության, Քննչական Կոմիտեի, Դատական դեպարտամենտի կամ Փաստաբանների պալատի կազմում չեն գործում փորձագիտական հիմնարկներ, որոնց կողմից կազմված եզրակացությունները օգտագործելի կլինեին քրեական արդարադատության ոլորտում:

Կարծում եմ, վաղուց է հասունացել ժամանակը, որ Ոստիկանության կառուցվածքում գործող ստորաբաժանումներից մեկը՝ Փորձաքրեագիտական վարչությունը դադարի լինել փորձագետի եզրակացություններ կազմող հիմնարկ:

Միաժամանակ, սակայն, հարկ է փաստել, որ այդ վարչության գոյությունը ոչ միայն անհրաժեշտություն է, այլ այն ունի առավել ընդլայնման ու տեխնիկապես էլ ավելի բարձր մակարդակի հագեցման անհրաժեշտություն: Իմ խորին համոզմամբ շատ զարգացած երկրների օրինակով, քրեական վարույթի ընթացքում անհետաձգելի գործողություններից մեկի՝ դեպքի վայրի զննության պատասխանատվությունը պետք է դրվի նաև հատուկ այդ նպատակի համար գիտելիքների պաշար, տեխնիկական միջոցներ ու հմտություններ ունեցող մասնագետների վրա: Ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունը պետք է դառնա անհետաձգելի քննչական գործողություններ կատարելիս ենթադրյալ հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ հետքեր, իրեր, առարկաներ, այլ ապացույցներ հայտնաբերելու, դրանք հավուր պատշաճի ամրագրելու և հետագա ուսումնասիրության համար պատշաճ փափեթավորման գործում հիմնական դերակատարում ունեցող մասնագիտացված մարմինը: Դրանով միաժամանակ կլուծվի նաև անհրաժեշտ հետքերի հայտնաբերման, ամրագրման ու հատկապես փաթեթավորման ոլորտում այսօր տիրող անմխիթար վիճակը:

Բարձրացված խնդրի վրա եմ հրավիրում պատկան պետական մարմինների ուշադրությունը, ակնկալելով հարցի համապարփակ ուսումնասիրություն, վերլուծություն ու դրա հիման վրա հնարավորին արագ լուծումներ:

Փաստաբան Երվանդ Վարոսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել