Վարորդները սկսել են ավելի քիչ խախտումներ կատարել, իսկ արտաբյուջետային մուտքերը նվազում են

Կառավարության վաղվա՝ ապրիլի 27-ի նիստում ընդգրկված է ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված խախտումների համար վարչական տուգանքների գանձումների, գրանցման-քննական ծառայությունների դիմաց վճարումներ և այլ վճարովի ծառայություններ ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի մուտքերի և միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվի հաստատման նախագիծը:

Ըստ որի՝ ՃՈ 2017թ.-ի արտաբյուջետային միջոցների տարեկան մուտքերը  նախատեսվում է սահմանել 13 մլրդ 351 մլն դրամի չափով, որը  2016 թ.-ի ծրագրային`  13 մլրդ 850 մլն դրամ ցուցանիշից պակաս է 499 մլն դրամով կամ 3.6 %-ով:

Ըստ գերատեսչության՝ այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ  ՃՈ արջաբյուջետային միջոցների մուտքերի  կատարման արդյունքները` 2015-2016թթ.-ի  պլանային նույն` 13 մլրդ 850 մլն դրամ ցուցանիշը գերագնահատվել է: Այսպես, 2015թ.-ին փաստացի մուտքագրվել է 13 մլրդ 527 մլն դրամ, իսկ 2016թ.-ին` 13 մլրդ 381մլն դրամ: Ընդ որում, 2016թ-ին 2015թ.-ի համեմատությամբ ծառայությունների գծով մուտքերը աճել են 393 մլն դրամի չափով կամ 17.7 %-ով` հիմնականում հաշվառման համարանիշների 2 նոր տառատեսակ թողարկելու և որպես միանվագ միջոցառում` տարեվերջին մեծ պահանջարկ ունեցող համարանիշների իրացման գները նվազեցնելու արդյունքում իրացման ծավալների որոշակի աճի արդյունքում: 2015-2016թթ.-ին տուգանքներից մուտքերը  նվազել են 539 մլն դրամի չափով կամ 4.8 % -ով (2015թ.-ին` 11 մլրդ 257 մլն դրամ, 2016թ.-ին` 10 մլրդ 718 մլն դրամ), որից 403 մլն դրամը կամ 4.6 %-ը բաժին է ընկնում տեսանկարահանող սարքերով (արագաչափերով և դիտարկման տեսախցիկներով) արձանագրվող խախտումների գծով տուգանքներին: Ըստ ոստիկանության՝ պատճառը միավոր արագաչափին և խաչմերուկին ընկնող, ինչպես խախտումների վերաբերյալ որոշումների քանակի, այնպես էլ դրանցով նշանակված տուգանքների գումարների և տուգանքների միջին տարեկան չափի նվազումն է:

Այսպիսով, 2017թ.-ին կանխատեսվող մուտքերի հաշվարկային ցուցանիշը, ըստ էության, համեմատելի է 2016թ.-ի փաստացի մուտքերին (տարբերությունն էական չէ), պայմանավորված հետևյալ հիմնական հանգամանքներով.

1) Մուտքեր ծառայությունների մատուցումից` 2 մլրդ 450 մլն դրամ,  նախատեսվում է սահմանել 2016թ.-ի փաստացի` 2 մլրդ 663 մլն. դրամ մուտքերից  առնվազն 8 %-ով  կամ 213  մլն դրամի  չափով պակաս, նկատի ունենալով, որ 2016թ.-ի փաստացի մուտքերն ապահովվել է վերը նշված լրացուցիչ միջոցառումների (հաշվառման համարանիշների 2 նոր տառատեսակների թողարկում  և այլն) իրականացման արդյունքում: 2017 թ.-ին նմանատիպ  միջոցառումներ չեն նախատեսվում:

2) ՃՊԾ արձանագրություններից կանխատեսվող մուտքեր` 2 մլրդ 450 մլն դրամ, 2016 թ.-ի փաստը` 2 մլրդ 333  մլն դրամ: Աճը նախորդ տարվա համեմատությամբ 5 % կամ շուրջ 110-120 մլն դրամ, որը հնարավոր է համարվում ապահովել ՃՊԾ  տեսուչների կողմից տուգանքները տեղում գանձելու հնարավորություն ընձեռելու արդյունքում:

3) Տեսանկարահանող սարքերով  (արագաչափեր, դիտարկման տեսախցիկներ) արձանագրվող խախտումներից  տուգանքների գծով մուտքեր` 8 մլրդ 450 մլն դրամ, 2016թ.-ի փաստացին` 838 մլրդ 450 մլն դրամ, տարբերությունը` 65 մլն դրամ կամ 0.8%: Ոչ էական աճ  նախատեսվում է տարվա ընթացքում  20 նոր խաչմերուկի շահագործման արդյունքում, միաժամանակ նկատի ունենալով, որ տվյալ մուտքերը ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման բարելավմանը զուգընթաց ունեն նվազման միտում:

4) Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ  (մուտքեր)՝ 1 մլն դրամ: Նշված մուտքերի պլանավորումը պայմանավորված է արտաբյուջետային ֆոնդի միջոցներով ձեռք բերված անշարժ կամ շարժական գույքին պատճառված վնասների հատուցումից ստացվող միջոցները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան հաշվին մուտքագրելու և հաշվառելու հանգամանքով  (հիմք՝ ՀՀ կառավարության 2006թ-ի նոյեմբերի 30-ի թիվ 1816-Ն որոշում):

ՃՈ 2017 թ.-ի արտաբյուջետային միջոցների ելքը (ծախսերը) հաշվարկվել է  1 մլրդ 270  մլն դրամի չափով,  2016թ.-ի  փաստացի 1 մլրդ 191 մլն դրամ ծախսերից  652.5 մլն դրամով կամ 5.5 %-ով ավելի:

Միայն ՃՈ 2017 թ.-ի գործունեության ապահովման և պարտավորությունների կատարման համար նախատեսվում է հատկացնել 10 մլրդ 760 մլն դրամ կամ ընդամենը ծախսերի` 85.6 %-ը:

2017 թ.-ի արտաբյուջետային միջոցների ծախսերի կառուցվածքի համաձայն աշխատանքի վարձատրության (լրավճարների) համար նախատեսվում է`  2 մլրդ 97 մլն դրամ: Կազմում է  ընդամենը ծախսերի 16.5 %-ը և ընթացիկ ծախսերի` 18.8 %-ը:

Ներքին գործուղումների համար նախատեսված է 7 մլն. դրամ: Նախորդ տարվա փաստացի ծախսերի համեմատությամբ ավելացել է  0.1 մլն դրամի չափով կամ 1.4 %-ով:

Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման համար 1 մլրդ 276 մլն դրամ։

Գրասենյակային նյութերի և հագուստի համար 1 մլդր 27 մլն դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել