«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հայտնել է մրցանակի 2017թ. հավակնորդների անունները, որոնք ընտրվել են բացառիկ ազդեցության, խիզախության եւ ցուցաբերած նվիրվածության համար՝ փրկելով մարդկային կյանքեր եւ իրականացնելով մարդասիրական գործունեություն: Նրանք են.
- Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ, Սոմալի. մարդու իրավունքների պաշտպանության համար եւ հանուն խաղաղության պայքարող ակտիվիստներ. մայր եւ դուստր, որոնք զբաղվում են մանկահասակ զինվորականների վերականգնողական աշխատանքներով՝ «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի միջոցով:
- Ջամիլա Աֆղանի, «Նուռ» կրթական եւ հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար. զբաղվում է Աֆղանստանում կանանց եւ աղջիկների իրավունքների պաշտպանությամբ կրթական ծրագրերի միջոցով, ինչպես նաեւ՝ մահմեդական առաջնորդներին իր նախագծերում ներգրավելով:
- Մուհամադ Դարվիշ, Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ. ատամնաբուժության ֆակուլտետի ուսանող, որը վերադարձել է իր ծննդավայր եւ բժշկական ծառայություններ է տրամադրում ու խնամում հիվանդներին՝ կատարելով վիրահատություններ եւ գրանցելով մանրամասն տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին, որոնցից շատերը շարունակվող բռնությունից տուժած երեխաներ են: Այսպիսով, նա միջազգային համայնքի ուշադրությունն է հրավիրում պաշարման մեջ գտնվող քաղաքի վրա:
- Դենիս Մուկվեգե, գինեկելոգ-վիրաբույժ եւ Փանզի հիվանդանոցի հիմնադիր, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն. մանկաբարձ-գինեկոլոգ, ով բժշկական, հոգեբանական եւ իրավական աջակցություն է տրամադրում պատերազմական երկրում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50,000 կանանց՝ միաժամանակ պայքարելով պատասխանատվության ենթարկելու բռնություն իրականացնողներին:
- Թոմ Քաթինա, Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ. վիրաբույժ եւ կաթոլիկ միսիոներ, որը տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է՝ իրականացնելով տարեկան 1000 վիրահատություն եւ սպասարկելով օրական ավելի քան 400 հիվանդի:
Մայիսի 28-ին հավակնորդները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ Երեւանում, որտեղ հայտնի կդառա 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը: Դափնեկիրը կստանա $100,000 պարգեւ՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև $1,000,000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:
Ընտրող հանձնաժողովի կազմում, որի համանախագահն է օսկարակիր դերասան եւ հումանիտար գործիչ Ջորջ Քլունին, ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին, Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը եւ Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն: Հանձնաժողովը հինգ հավակնորդներին ընտրել է ներկայացված 558 թեկնածությունների միջից, որոնցից 254-ը չկրկնվող էին եւ ներկայացվել էին 66 երկրից 13 լեզվով:
Խոսելով «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անունից՝ հանձնաժողովի անդամ, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանն ասաց. «Մենք գոհունակություն ենք հայտնում թեկնածությունների առաջադրմանն այսպիսի լայն արձագանքի համար, որը խոսում է մեր համընդհանուր մարդկայնության ճանաչման մասին: Աշխարհագրությունը եւ հանգամանքները տարբերվում են յուրաքանչյուր հավակնորդի համար, բայց ընդհանրություններն են, որ միավորում են նրանց: Անհատները վտանգում են իրենց բարօրությունն ու անվտանգությունը՝ փրկելու կարիքի մեջ գտնվող մարդկանց: «Ավրորայի» առաքելությունն է աջակցել այս նվիրյալներին: Մենք հավատում ենք, որ փրկվածներն իրենք են ապագայում շարունակելու երախտագիտության եւ նվիրատվության շղթան»:
Բուրունդիի «Մեզոն Շալոմ» խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն 2016թ. ապրիլի 24-ին դարձավ «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր: Ականատես լինելով իր 72 հութու հարեւանների սպանությանը՝ Բարանկիցեն, ով թութսի է, իր կյանքի քսան տարիները նվիրել է երկրում քաղաքացիական պատերազմի տարիներին բռնության եւ հալածանքների հետեւանքով որբացած երեխաներին եւ փախստականներին ապահով օթեւան տալու գործին: Նա փրկել եւ կրթել է շուրջ 30 հազար երեխայի, իսկ նրա հիմնած հիվանդանոցում մինչեւ օրս բուժում են ստացել շուրջ 80 հազար հիվանդներ:
«Երեխաները՝ Բրազիլիայից մինչեւ Եթովպիա եւ Ռուանդայի բուրունդացի փախստականներն այսօր երջանիկ են, որովհետեւ այժմ նրանք ունեն սեր, անհրաժեշտ կրթություն եւ աջակցություն՝ շնորհիվ 2016թ. «Ավրորա» մրցանակի մեծահոգի աջակցության, – ասաց Մարգարիտ Բարանկիցեն, – 2017թ. հավակնորդների ազդեցիկ գործն իսկապես ակնածանքի է արժանի: Այս անհատները գործով են արտահայտում իրենց երախտագիտությունը՝ հուսադրելով մեր բազմաթիվ քույրերին եւ եղբայրներին աշխարհով մեկ: Նրանց կատարած գործը բացահայտում է մարդկանց սիրելու ունակությունը»:
«Ավրորա» մրցանակն ստեղծվել է 2015թ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից՝ եւ շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ավրորա» մրցանակն ամեն տարի մեծարման կարժանացնի դափնեկրին մինչեւ 2023թ.՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության իրագործման ութ տարիների (1915-1923թթ.):
2017թ. առաջադրված կազմակերպություններ
Հավակնորդներից յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել առաջադրել մինչեւ երեք կազմակերպություն՝ ստանալու 1 միլիոն դոլարի դրամաշնորհը:
Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման
• «Էլվան» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոն, Սոմալի
• «Վիվե Ժենե» թերապիայի եւ վերականգնողական կենտրոն, Բոսնիա եւ Հերցեգովինա
• Փանզի հիմնադրամ, ԱՄՆ եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Ջամիլա Աֆղանի
• Հոգեկերտման եւ հավասարության կանանց իսլամական նախաձեռնություն (WISE), ԱՄՆ
• Միջկրոնական փոխըմբռնման Թանենբաում կենտրոն, ԱՄՆ
• Մարդու իրավունքների եւ աջակցության Կարամա ցանց (KNAHR), Աֆղանստան
Մուհամադ Դարվիշ
• Բժիշկներ առանց սահմանների (Շվեյցարիա)
Դենիս Մուկվեգե
• Yennenga Progress, Շվեդիա
• 2009թ. սեպտեմբերի 28-ի զոհերի, նրանց հարազատների եւ ընկերների միություն (AVIPA), Գվինեա
Թոմ Քաթինա
• Աֆրիկյան առաքելության առողջապահական հիմնադրամ (AMHF), ԱՄՆ
• Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդ (CMMB), ԱՄՆ
• Aktion Canchanabury, Գերմանիա