Ի՞նչ պետք է իմանալ վարկի վերաբերյալ

Վարկ վերցնելիս պետք է հաշվի առնել մի քանի նրբություններ, որ առկա են քաղաքացիական օրենսգրքում: Այսպես՝

Անշարժ գույքի դեպքում

1.  Հողամաս ձեռք բերելու համար վարկ տրամադրելիս հիփոթեքի պայմանագրում կարող է նախատեսվել պարտավորության ապահովում՝ նոր ձեռք բերվող հողամասի գրավով:

2. Բնակելի տունը, շենքը կամ շինությունը կառուցելու, վերակառուցելու, վերանորոգելու, այն արդիականացնելու համար վարկ տրամադրելիս հիփոթեքի պայմանագրում կարող է նախատեսվել պարտավորության ապահովում հողամասով, անավարտ շինարարությամբ և գրավատուին պատկանող շինարարության համար ձեռք բերված նյութերով ու սարքավորումներով:

3. Օգտագործման իրավունքով հողամասերում շենք կամ շինություն կառուցելու, վերակառուցելու համար վարկ տրամադրելիս հիփոթեքի պայմանագրում կարող է նախատեսվել պարտավորության ապահովում կառուցապատման իրավունքով և կառուցապատողին պատկանող շինարարության համար ձեռք բերված նյութերով ու սարքավորումներով:

Ապրանքային վարկ

1. Կողմերը կարող են կնքել պայմանագիր, որը նախատեսում է մի կողմի պարտականությունը` մյուս կողմին տրամադրել տեսակային հատկանիշներով որոշվող գույք (ապրանքային վարկի պայմանագիր): Նման պայմանագրի նկատմամբ կիրառվում են սույն գլխի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ նման պայմանագրով և չի բխում պարտավորությունների էությունից:
2. Տրամադրվող գույքի քանակի, տեսականու, կոմպլեկտայնության, որակի, տարայի և (կամ) փաթեթի վերաբերյալ պայմանները պետք է կատարվեն գույքի առուվաճառքի պայմանագրի մասին կանոններին համապատասխան (օրենսգրքի 481-501 հոդվածներ), եթե այլ բան նախատեսված չէ ապրանքային վարկի պայմանագրով:

Առևտրային վարկ

1. Այն պայմանագրերով, որոնց կատարելը կապված է դրամական գումարը կամ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույքը մյուս կողմի սեփականության հանձնելու հետ, կարող է նախատեսվել վարկի տրամադրում` ներառյալ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար կանխավճարի, նախավճարի, դրանք ժամկետանց կամ տարաժամկետ վճարելու ձևերով (առևտրային վարկ), եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
2. Առևտրային վարկի նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են սույն գլխի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրի պայմաններով, որից ծագել է համապատասխան պարտավորությունը, և չի հակասում նման պարտավորության էությանը:

Վարկ տրամադրելուց կամ ստանալուց հրաժարվելը

1. Այնպիսի հանգամանքների առկայությամբ, որոնք ակնհայտ վկայում են, որ վարկառուին տրամադրված գումարը ժամկետում չի վերադարձվի, վարկատուն իրավունք ունի լրիվ կամ մասնակի հրաժարվել վարկային պայմանագրով նախատեսված վարկը վարկառուին տրամադրելուց:
2. Վարկառուի կողմից վարկային պայմանագրով նախատեսված վարկի նպատակային օգտագործման պարտականությունը խախտելու դեպքում (հոդված 884) վարկատուն իրավունք ունի հրաժարվել վարկառուին վարկավորելուց:
3. Վարկառուն իրավունք ունի լրիվ կամ մասնակի հրաժարվել վարկն ստանալուց` այդ մասին մինչև պայմանագրով սահմանված վարկ տրամադրելու ժամկետը ծանուցելով վարկատուին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ վարկային պայմանագրով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել