Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը:
Այսպես, 05.04.2017թ.-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն հիմնարկի դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը ՔԿՀ-ում հանկարծամահ է եղել:
Հ. Գևորգյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ դատապարտյալը դեռևս 31.03.2017թ.-ին «աստենո-նևրոտիկ սինդրոմ, էնցեֆալոպատիա, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում» ախտորոշմամբ տեղափոխվել է, նախ, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, այնուհետև՝ «Սուրբ Գ.Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել են «հեպատիտ C», «լյարդ-բջջային անբավարարություն», «հոգեկան և վարքային խանգարումներ՝ կապված նարկոմանիայի հետ» հիվանդությունները: Մեկ օր անց՝ 01.04.2017թ.-ին, դատապարտյալը «Սուրբ Գ. Լուսավորիչ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել և կրկին տեղափոխվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ ենթարկվել է բուժզննության: Արդյունքում նրա մոտ ախտորոշվել է «հոգեկան և վարքային խանգարումներ՝ նարկոմանիայի հետ կապված» հիվանդությունը, նշվել է, որ դատապարտյալը ստացիոնար բուժման կարիք չունի: Նշված հիմնավորմամբ նույն օրը Հ. Գևորգյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ, որտեղ 2017թ. ապրիլի 5-ին մահացել է:
Այսպիսով, նկատի ունենալով, որ նյութերում առկա տվյալներն առերևույթ հիմք են տալիս ենթադրելու, որ հնարավոր է դատապարտյալի մահն անզգուշությամբ առաջացած լինի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու` դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, որոշում է կայացվել Հ. Գևորգյանի մահվան փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցել քրեական գործ, որը, օբյեկտիվ նախաքննության իրականացումն ապահովելու նպատակով, հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին:
ՀՔԾ
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: