Ավազակությամբ զուգորդված սպանություն 22 տարի առաջ. Մեղադրանք է առաջադրվել 4-րդ մեղադրյալին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 22 տարի առաջ Երևանում ազգությամբ հայ, ԻԻՀ քաղաքացու՝ ավազակությամբ զուգորդված սպանության գործով 4-րդ մեղադրյալի մասով նախաքննությունը։

ԻԻՀ քաղաքացի Հայկ Աբրահամյանի սպանությունը տեղի էր ունեցել 1995թ. հունվարին. նրա դիակը՝ բռնի մահվան հետքերով, հայտնաբերվել էր հունվարի  28-ին՝ Կոմիտաս փ. 25/2 շենքի բնակարաններից մեկում։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էին սպանության հանգամանքները, շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, անհատականացվել նրանց գործողությունները։

Մասնավորապես՝ քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Հայկ Աբրահամյանի սպանությունը կատարվել է շահադիտական դրդումներով՝ տուժողի ծանոթների մասնակցությամբ։ Հյուրընկալվելով Հ.Աբրահամյանի բնակարանում՝ նրան նախ թունավորված գարեջուր են հյուրասիրել, ապա՝ խեղդամահ արել, իսկ սպանությունից հետո՝ հափշտակել տարաբնույթ իրեր ու դիմել փախուստի։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 5 անձ ներգրավվել էր որպես մեղադրյալ, որոնցից 3-ին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, և քրեական գործերն ուղարկվել դատարան դեռևս 1995-1997 թթ.։ Եվս երկու մեղադրյալի՝ Ա.Պետրոսյանի և Գ.Սաֆարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Կատարված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում՝ քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Գ.Սաֆարյանը հայտնաբերվել է ՌԴ-ում և 2016թ. դեկտեմբերի 23-ին ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Նույն օրը որոշում է կայացվել՝ քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու մասին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գ.Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

5-րդ մեղադրյալի նկատմամբ հետախուզումը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել