Յուրի Խաչատուրովը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

2017 թվականի մայիսի 2-ից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար է նշանակվել Յուրի Խաչատուրովը: Այդ մասին հաղորդում է ՌիաՆովոստին՝ նշելով, որ տեղեկությունը հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման մասին հարցը քննարկելիս միաձայն որոշում է կայացվել՝ մայիսի 2-ից այդ պաշտոնին նշանակել Յուրի  Գրիգորի Խաչատուրովին»,-ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի տվյալներով լրագրողներին է հայտարարել Վ. Սեմերիկովը:

Նշենք, որ Խաչատուրովը 2016թ.-ից զբաղեցնում է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

Ձեզ ենք ներկայացնում նրա կենսագրությունը՝

Խաչատուրովը ծնվել է 1952թ. հունվարի 5-ին Խորհրդային Վրաստանի Թեթրիծղարո (այժմ՝ Տետրի-Ցկարո) քաղաքում:
1969թ. ավարտել է Թեթրիծղարոյի միջնակարգ դպրոցը:
1969-1974թթ. սովորել է Թբիլիսիի հրետանային հրամանատարական Կարմիր շքանշանի ուսումնարանում:
1982-1985թթ. Սանկտ Պետերբուրգի Կալինինի անվան ռազմական հրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի ունկնդիր:

1976-1982թթ. հեռավոր արևելյան զինվորական օկրուգի հրետանային դիվիզիոնի հրամանատար:
1985թ.՝ Բելոռուսի զինվորական օկրուգի տանկային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ:
1987-1989թթ. Աֆղանստանի 40-րդ բանակի 5-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ:
1989թ. Բելառուսի զինվորական օկրուգի տանկային բանակի առանձին հրետանային բրիգադի հրամանատար:
1992թ. ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատար:
1992թ. ՀՀ սահմանապահ զորքերի վարչության պետ:
2000-2008թթ. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ:
2009թ. ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:
2016թ.-ից ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։

1995թ. ՀՀ գեներալ-մայոր:
2000թ.ՀՀ գեներալ-լեյտենանտ:
2008թ. ՀՀ գեներալ-գնդապետ:
«ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայության համար» շքանշան, Աֆղանական «Աստղ» 2-րդ աստիճանի շքանշան, «Մարտական Խաչ» շքանշան, «Վարդան Մամիկոնյան» շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ, «Մարշալ Բաղրամյան» մեդալ, «Անդրանիկ Օզանյան» մեդալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել