Կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կասկածյալը հարցաքննվել է և ցուցմունք տվել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիր քաղաքում 38-ամյա կնոջ սպանության  դեպքի առթիվ:

2017թ. ապրիլի 12-ին` ժամը 18:15-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Արմավիր քաղաքի Հանրապետության 1 հասցեում կրակոց է հնչել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրում հայտնաբերվել է Արմավիր քաղաքի 38-ամյա բնակչուհու դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով, իսկ մայթին կից կրպակների միջև հայտնաբերվել է KH 32904 գործարանային համարով մեկ փողանի կարճեցված փողով  որսորդական հրացան:

Նույն օրը ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասով։  Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում՝ պարզվել է կնոջ սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Սպանության կասկածանքով ձերբակալվել է կնոջ ամուսինը և հարցաքննվել։ Նախնական տվյալներով՝ անձնական խնդիրների պատճառով ամուսիններն ունեցել են լարված հարաբերություններ։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև դատաձգաբանական, դատակենսաբանական և դատամատնադրոշմային համալիր փորձաքննություններ:

Նկատի ունենալով քրեական գործի առանձնահատկությունները՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի պաշտպանության նպատակով խնդրում ենք ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ տուժողին և կասկածյալին նույնականացնող տվյալները  հրապարակելուց։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել