Գյումրիի նորընտիր քաղաքապետի «պատճառով» դատական նիստը հետաձգվեց

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ` Արմեն Խաչատրյանի, կայացավ թիվ ՇԴ/0579/02/12 քաղաքացիական գործի նախնական դատական նիստն ըստ հայցի Թևան Բիչախչյանի` վնասի հատուցման պահանջի մասին: Սույն գործով որպես պատասխանող ներգրավված էր Գյումրու քաղաքապետարանը, 3-րդ անձ` ՀՀ Առողջապահության նախարարությունը:
Դատական նիստին ներկա էին հայցվորը, հայցվորի ներկայացուցիչ ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Ռ. Մովսիսյանը և քաղաքապետարանի ներկայացուցիչը: Նախնական դատական նիստին չէր ներկայացել Առողջապահության նախարարության ներկայացուցիչը` մինչդեռ վերջինս պատշաճ ծանուցված էր դատական նիստի տեղի և ժամի մասին:
Դատական նիստը Առողջապահության ներկայացուցչի բացակայությամբ շարունակելու համար դատարանը լսեց կողմերի կարծիքները: Հաշվի առնելով կողմերի դիրքորոշումը և այն հանգամանքը, որ Առողջապահության նախարարությունը պատշաճ ծանուցված է եղել` որոշեց դատական նիստը շարունակել: Սակայն Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչը միջնորդեց երկու շաբաթով հետաձգել նախնական դատական նիստը` կապված Գյումրիում նորանշանակ քաղաքապետի լիազորությունների ստանձման հետ, որպեսզի պատասխանող Գյումրու քաղաքապետարանը կարողանա ծանոթանալ գործին:
Դատարանը, քաղաքացիական դատավարության ընթացակարգի համաձայն, հաշվի առնելով Գյումրու քաղաքապետարանում վերջերս կատարված կադրային փոփոխությունները` բավարարեց Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցչի միջնորդությունը և հետաձգեց դատական նիստը: Հերթական դատկան նիստ նշանակվեց սույն թվականի նոյեմբերի 8-ին ժամը 11.15-ին:

.

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր- Գևորգյան

Աղբյուրը` Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել