Օպերային թատրոնի «կայարանային» սննդի կետերից պետք է հրաժարվենք․ Արմեն Ամիրյան

«Ժամանակն է, որ Օպերային թատրոնն իրական բարձր արվեստի դիմագիծ ունենա. նկատի ունեմ և′ խաղացանկը, և′ շենքային պայմանները։ Բայց քանի որ լրատվամիջոցներում ամենաթարմ արձագանքը շենքային պայմանների մասին է»,- նման պարզաբանում է տվել Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Նախարարության ֆեյսբուքյան էջում մեջբերում է արվում նախարարի պարզաբանումից, նա ասել է․ «Թատրոնի ճեմասրահում գործող «կայարանային» սննդի կետերից պետք է հրաժարվենք. խորհրդային մտածողության հասարակական սննդի կետերը պատիվ չեն բերում մեր Օպերային թատրոնին։ Պետք է հրաժարվենք նաև «սենդվիչներ» ու գազավորված ըմպելիքներ մատուցող՝ այսօր եղած «ավտոմատներից»։

Ներկայացումների ընդմիջումներին մատուցվող մեկ բաժակ շամպայնը կամ հարմարավետ միջավայրում սուրճ խմելը, կարծում եմ, օպերային ներկայացման պատկերացման մեջ լիովին տեղավորվում է։

Տարիներ շարունակ Օպերային թատրոնում գործող «Օպերա» ակումբի հարցը ևս պետք է վերանայվի։ Չի′ կարելի Օպերային թատրոնում ունենալ նման թատրոնին ոչ հարիր հաստատություններ։ Օպերային թատրոնը պետք է ունենա ճաշելու և սնվելու՝ իր բովանդակությանը հարիր հատված, որտեղ և′ Թատրոնի արտիստները կսնվեն իրենց հատուկ սննդակարգով, և′ այցելուները կարող են համապատասխան միջավայրում ճաշել, և որտեղ հնարավոր կլինի հյուրեր ընդունել, կազմակերպել շնորհանդեսներ, տարբեր հյուրասիրություններ։

Ծայրահեղ կարծիքներ հայտնելը՝ ծանոթ չլինելով Օպերային թատրոնի միջավայրի նախագծին, կարծում եմ, կոռեկտ չէ։

Նախագիծը մշակվում է, և պատրաստ լինելուն պես անպայման կներկայացվի հանրության քննարկմանը։ Հաշվի կառնվեն տեղին, բայց ոչ՝ միայն «սուր ճոճելու» համար հնչող կարծիքները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել