Բենզինի եւ վառելիքի կտրոնների յուրացման գործով տուժողը դարձյալ չներկայացավ դատական նիստին

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ Մարտին Սարոյանի շարունակվեց թիվ ՇԴ/0122/01/12 քրեական գործի քննությունը ըստ մեղադրանքի` Լ. Գալստյանի ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար:

Սույն քրեական գործով մեղադրյալ Լ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2006-2011թթ. աշխատելով Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցում որպես գործավար-քարտուղարուհի, յուրացրել է իր վստահությանը հանձնված 1.000.000 ՀՀ դրամի արժողության բենզինի և վառելիքի կտրոնները, հիվանդանոցին պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս:

Դատարանում մեղադրանքը պաշտպանում էր Շիրակի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արտյոմ Ավետիսյանը:

Սույն քրեական գործով տուժող` Հայր Մարիո Կուկարոլլոն դարձյալ չէր ներկայացել դատական նիստին: Դատական նիստին ներկայացել էր վերջինիս ներկայացուցիչը, ով Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցում աշխատում է որպես հաշվապահ: Վերջինս դատարանին տեղեկացրեց, որ տուժողը չի կարող ներկայանալ դատական նիստին և խնդրել է հետաձգել մեկ շաբաթով: Դատարանի այն հարցին թե ինչ պատճառներով, վերջինս պատասխանեց, որ տուժողը մեկնել է` չգիտի թե ուր, համենայն դեպս` իրեն չեն ասել, թե ուր և ինչ պատճառներով: Սակայն նշեց, որ դատական նիստի տեղի և ժամի մասին ծանուցումը ուշ են ստացել, երբ արդեն Հայր Մարիո Կուկարոլլոն մեկնել էր:

Մեղադրողը հայտնեց իր դիրքորոշումը դատական նիստը մեկ շաբաթով հետաձգելու մասին: Ամբաստանյալը և վերջինիս շահերի պաշտպանը ևս չառարկեցին, որպեսզի դատական նիստը մեկ շաբաթով հետաձվի:

Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը և հաջորդ դատական նիստ նշանակեց հոկտեմբերի 23-ին ժամը 10.30-ին` հաշվի առնելով, որ տուժողը հնարավորություն չի ունեցել ներկայանալ դատքննությանը:

.

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր- Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել