Խուսափեք աղիքային վարակներից. Առողջապահության նախարարություն

Սկսվում է տարվա եղանակային տաք շրջանը: Աղիքային վարակներից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հանրությանը, ջրամատակարարում իրականացնող, սննդամթերքի ոլորտի, ամառային հանգիստ կազմակերպող և բնակչության սպասարկում իրականացնող  կազմակերպություններին, մանկական դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցներին տեղեկացնում է մի շարք միջոցառումների և կանոնների մասին, որոնց իրականացումն ու պահպանումն անհրաժեշտ է աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար.

– խուսափել կրեմային հրուշակեղեն, թթվասերով կամ մայոնեզով աղցաններ օգտագործելուց,

– սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործել միայն հոսող մաքուր ջրով լվանալուց հետո,

– սննդամթերքը և պատրաստի սնունդը պահպանել պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում,

– գնումենր կատարելիս ընտրել թարմ` ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,

– չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօդյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցնովի պաղպաղակ, ըմպելիք, հյութեր, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,

– բացառել տեղում կամ արագ պատրաստվող սննդի օգտագործումը,

– սնունդը պատրաստել փոքր չափաբաժիններով, լավ եփել կամ տապակել՝ դրանք պահելով փակ տարաներում և սառնարանում,

– առանձնացնել հում սննդամթերքը եփածից,

– խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոնների պահպանմանը՝ ձեռքերը լվանալ հաճախակի, ամեն անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո,

– եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրի մատակարարման անջատումներ, ապա ջուրն օգտագործել միայն 10-15 րոպե հոսելուց հետո,

– խմելու ջրի մատակարարման անջատումների դեպքում խուսափել պատահական վայրերից բերված ջրի օգտագործումից` անգամ կենցաղում օգտագործեու նպատակով,

– խմելու ջրի որակի փոփոխությունների (համ, հոտ, պղտորություն) դեպքում անմիջապես ահազանգել և՛ ՀՀ առողջապահության նախարարություն և՛ ձեր տարածքը սպասարկող ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպություններին,

– արգելել երեխաների լողը դեկորատիվ ջրավազաններում, քանի որ դրանք նախատեսված չեն լողի համար:

Աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններն են` լուծը, թուլությունը, սրտխառնոցը, փսխումը, որոնք կարող են ուղեկցվել նաև ջերմության բարձրացմամբ։

Նշված ախտանշանների դեպքում հորդորում ենք չզբաղվել ինքնաբուժմամբ, խուսափել անհարկի հակաբիոտիկներ օգտագործելուց և անմիջապես դիմել բժշկական օգնության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել