Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ընկերությունը մարտի կեսերից սկսել է մայրաքաղաքի 35 շատրվանների ու ջրավազանների ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքները: «Վեոլիա ջուր» ընկերության հետ համատեղ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև ցայտաղբյուրները վերագործարկելու համար: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այս տարի ևս մայրաքաղաքի ջրային կառույցներն ու ցայտաղբյուրները կգործարկվեն Մայրության և գեղեցկության օրը` ապրիլի 7-ին: Մինչ այդ ջրային կառույցների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով ընթանում են հանգույցների ու պոմպային համակարգերի կարգաբերման, խողովակաշարերի ներկման, տարածքի մաքրման և տեխնիկական բնույթի այլ աշխատանքներ: