Պետական պատվերի կանխատեսումները, պլանավորումը և վճարումները կատարվում են տարեկան պայմանագրի համաձայն` ամսական կտրվածքով։ Դա նշանակում է, որ և՛ հիվանդանոցային, և՛ ամբուլատոր օղակների պլաններն ու հաշիվները ներկայացվում են յուրաքանչուր ամիս և համապատասխանաբար վճարվում են մինչև հաջորդ ամսվա 10-ը։ Այդ իսկ պատճառով պետական պատվերը մի քանի ամիս շուտ չի կարող ավարտվել։ Այս մասին լրագրողներին տեղկացրել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը` արձագանքելով շրջանառվող այն լուրերին, թե իբր պետական պատվերի գումարները կսպառվեն օգոստոսին։
Հիվանդների հոսքով պայմանավորված` հնարավոր է, որ որևէ ամիս պետական պատվերի գումարներն ավելի վաղ սպառվեն։ Հետևաբար, մյուս հիվանդները հերթագրվում են հաջորդ ամսվա համար։ Իհարկե, խոսքը չի վերաբերում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության դեպքերին։ Հերթագրման սկզբունքը գործում է աշխարհի բոլոր երկրներում։ Բավական է ասել, որ Մեծ Բրիտանիայում պետական ապահովագրությամբ ողնաշարի վիրահատության համար հերթագրվում են 20-25 ամիս առաջ։ Հայաստանում այս խնդիրն այդքան սուր չէ։
Նախարարը հակիրճ ներկայացրել է իրավիճակի բարելամանն ուղղված իրականացվող և առաջիկա ծրագրերը։
«Առաջին հերթին, պարզ է, որ մտածում ենք ստվերային շրջանառության վերացման մասին։ Որոշել ենք գնալ բացարձակ տնտեսական ուղիով։ Այդ նպատակով վերանայվում են պետական պատվերի գները` դրանք հասցնելով շուկայականին մոտ»,-ասել է Լևոն Ալթունյանը` պարզաբանելով, որ դա թույլ կտա բժշկական անձնակազմին իմանալու, որ իրենք վարձատրվում են կատարված աշխատանքին համապատասխան ու արդարացի։ Մյուս կողմից շահառուն տեղեկացված կլինի, որ իրեն մատուցված ծառայությունների դիմաց կատարված է պատշաճ փոխհատուցում, հոգեպես հանգիստ կլինի և հարկ չի լինի գրպանից վճարելու։
«Ակնհայտ է, որ պետական բյուջեից պետական պատվերի համար հատկացված գումարները սահմանափակ են։ Այդ միջոցներն արդարացի բաշխելու համար հետևում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Առողջություն 2020» հռչակագրին, ըստ որի` բժշկական ծառայությունները պետք է հավասարապես մատչելի լինեն սոցիալական բոլոր խմբերի համար։ Դա ապահովելու նպատակով քայլեր են արվում պետական պատվերի կառուցվածքում սոցիալապես անապահով խմբերի կշիռը բարձրացնելու համար»,- ներկայացրել է նախարար Ալթունյանը` պարզաբանելով, թե ինչի հաշվին է դա արվելու։
Առաջին հերթին դա կարվի վերանայելով ծրագրերը և սոցիալական այն խմբերը, որոնք ընդգրկված են պետական պատվերով բժշկական օգնություն ստանալու ծրագրերում։ Երկրորդը, որպեսզի մնացած բնակչությունը չտուժի, վերանայվում է պետական պարտադիր ապահովագրության մոտեցումը։ Նախարարությունը փաթեթ է պատրաստում սոցիալապես ապահով և միջին խավերին ապահովագրություն ձեռք բերելու և համավճարի սկզբունքով մասնակցություն ունենալու առաջարկությամբ։ Դրանով հիմք կստեղծվի սոցիալապես անապահովների կողմից այսօր ստվերում կատարվող համավճարների սահմանափման համար։
«Սոցիալապես անապահով խմբերը բժշկական ծառայությունները կստանան բացառապես պետական պատվերի շրջանակում»,-վստահեցրել է Լևոն Ալթունյանը։
Այս միջոցառումները մի կողմից կնպաստեն բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը, մյուս կողմից զերծ մնալ այնպիսի անցանկալի երևույթից` ինչպիսին ստվերն է։ Իսկ ամենից կարևորը` հնարավորություն կստեղծվի ավելացնելու սոցիալապես անապահովների բժշկական օգնության համար նախատեսված գումարները` ի հաշիվ համավճարների և ապահովագրական գումարների։