Իրավաբան Վահագն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, թե ինչ անել, երբ նվիրատվություն եք կատարել, սակայն զղջացել եք.
«1. Նվիրում ենք թանկարժեք գույք (մեքենա, բնակարան և այլն): Կնքում ենք նվիրատվության պայմանագիր: Պայմանագիրը վավերացնում ենք նոտարական կարգով ու սպասում ենք, որ նվիրառուն պայմանագրից ծագող իրավունքները գրանցի համապատասխան մարմնում (կադաստր, ԳԱԻ և այլն):
2. Մտքափոխվում ենք ու որոշում ենք հետ վերցնել նվերը:
3. Հայց ենք ներկայացնում դատարան ՀՀ քաղ. օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով (նվիրատուն իրավունք ունի վերացնել նվիրատվությունը, եթե նվիրառուն ոտնձգություն է կատարել նրա, նրա ընտանիքի անդամներից … որևէ մեկի կյանքի դեմ …):
4. Հայցում սահմռկեցուցիչ ձևով նկարագրում ենք, որ սրիկա նվիրառուն նվերը ստանալուց հետո ոտնձգել է Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամի կյանքի դեմ:
5. Գտնում ենք 4-5 վկա, ովքեր պատրաստ են դատարանում լացելով ու աղաղակելով պատմել, թե ոնց են Ձեզ/Ձեր ընտանիքի անդամին նվիրառուի «ճիրաններից» փրկել: Վկան կարող է լինել նաև Ձեր բարեկամը, հարազատը, ընկերը և այլն: Կարևորը, որ կարողանա լավ ու համոզիչ «լացել» ու պատմել, թե ինչպես է Ձեզ/Ձեր ընտանիքի անդամին փրկել մահից:
6. Չենք մոռանում վկայակոչել Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1270 «հրաշք» որոշումը, որտեղ ՍԴ-ն նշել է, որ «կյանքի դեմ ոտնձգությունը» կարող է հաստատվել առանց քրեական գործով դատավճռի՝ քաղաքացիական գործի շրջանակներում վկաների ցուցմունքներով:
7. Վկայակոչում ենք թիվ ԵԿԴ/0860/02/12 գործը, որտեղ նմանատիպ հանգամանքներով հայցը բավարարվել է…»: