2017 թ. հունվարից ուժի մեջ մտած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին ՀՀ օրենքի» համաձայն ՀՀ քաղաքացիների աշխատավարձերից հաշվարկվում և պետական բյուջե է փոխանցվում 1000-ական ՀՀ դրամ, որով խախտվում է քաղաքացիների ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը:
Օրենքով դրոշմանիշային վճար դիտարկված 1000-ական դրամները գանձվում են հարկադիր ձևով և դրա դիմաց քաղաքացիները որևէ ծառայություն չեն ստանում, այնինչ 2005 թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությունը «պարտադիր վճար» եզրույթը մեկնաբանելիս պարտադիր է համարում դրա դիմաց վճարողի օգտին պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավաբանական նշանակության գործողություններ կատարելը: ՀՀ քաղաքացիները հարկադիր վճարում են ինչ-որ դրոշմանիշերի համար, որոնց մասին տեղեկություն չունենք և դրա դիմաց որևէ ծառայություն չենք ստանում:
Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի իմաստով անհիմն հարստացել է՝ ՀՀ քաղաքացիներից հարկադիր ձևով գանձելով 1000-ական դրամներ: Օրենքի՝ դրոշմանիշային վճարի պարտադիր բնույթը սահմանող 10-րդ հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին:
Պաշտպանի աշխատակազմը, 2017 թ. մարտի 13-ի պատասխանում վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի նախադեպային որոշումները, նշել է, որ պարտադիր վճարը չի ենթադրում անմիջականորեն ծառայության մատուցում վճարողին:
Ապա հավելել, որ օրենքով հատուցման հատուկ համակարգի ստեղծմամբ պետությունն ապահովում է ուղղակի կամ անուղղակի ծառայության մատուցում վճարողին՝ նկատի ունենալով զինծառայողների՝ երկրի սահմանները պաշտպանելու գործառույթը. «Նրանք իրենց անփոխարինելի ծառայությամբ ապահովում են մեր երկրի անվտանգությունն ու սահմանների անխախտելիությունը՝ դրանով իսկ երաշխավորելով յուրաքանչյուրիս պաշտպանությունը»:
Այս անհասկանալի հիմքով Մարդու իրավունքների պաշտպանը գտել է, որ հիմքեր չկան օրենքի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան: Ելնելով վերոգրյալից՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մի շարք աշխատակիցներ 2017 թ. մարտի 21-ին դիմել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Հայաստանի Հանրապետությանը՝ վերադարձնել պետական բյուջե վճարված 1000-ական դրամները՝ որպես անհիմն հարստացման գումար: