Կառավարությունը վերացնում է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ վիզայի ռեժիմը

Կառավարությունը վերացնում է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ վիզայի ռեժիմը. այս հարցը կառավարության այս շաբաթվա օրակարգում է, կներկայացվի արտգործնախարարության կողմից:

Որոշման նախագիծը հիմնավորվում է այսպես. ՀՀ և Ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ու բազմակողմ համագործակցության դինամիկան տարեցտարի արձանագրում է նոր առաջընթաց: Մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրությունների միջոցով, որը հանդիսացել է կապող օղակ այդ տարածաշրջանի այլ երկրների հետ: Տարեցտարի ավելանում է ԱՄԷ-ից ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը: Ներկայումս դեպի Երևան չվերթներ են իրականացնում ԱՄԷ FlyDubai, Air Arabia, իսկ Կատարից՝ Qatar Airways ավիաընկերությունները, հետաքրքրություն կա ավելացնելու ինչպես չվերթների քանակը, այնպես էլ նոր թռիչքներ սկսել այդ տարածաշրջանի այլ ավիաընկերությունների կողմից:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքումը կարող է երկար ժամանակ պահանաջել, իսկ հայկական կողմի համար էական նշանակություն ունի ԱՄԷ հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացումը, ինչի շուրջ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ Նախագահի 2016թ. նոյեմբերին ԱՄԷ կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Հարկ է նշել նաև, որ ՀՀ հարևան պետություններն արդեն իսկ որդեգրել են Ծոցի տարածաշրջանի երկրների քաղաքացիների նկատմամբ արտոնագրային ռեժիմը միակողմանիորեն վերացնելու քաղաքականություն, ինչն էականորեն նպաստում է դեպի այդ երկրներ զբոսշրջության խթանմանը:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ այցելող Ծոցի տարածաշրջանի երկրների քաղաքացիների գերակշռող մասը կազմում են ԱՄԷ քաղաքացիներ, ովքեր արդեն իսկ նկատելի հետաքրքրություն են ցուցաբերում զբոսաշրջության, անշարժ գույքի, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում ներդրումներ կատարելու ուղղությամբ՝ նպատակահարմար է միակողմանիորեն վերացնել ԱՄԷ քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջը: Այս քայլը լրացուցիչ խթան կհանդիսանա առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա խթանման համար:

 Որոշման ընդունումը թույլ կտա Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել