Դատախազությունը վերացրել է 10 ամիս կալանքի տակ գտնվող անձի խափանման միջոցը

Սպանության փորձի ու ևս երկու հանցագործության մեջ մեղադրվող անձի հանդեպ խափանման միջոց կալանքը դատախազությունը վերացրել է. այս մասի ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Գուրգեն Հարությունյանը:

«2017 թվականի մարտի 10-ին դատախազությունը վերջապես վերացրեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով մեղադրվող, ՌԴ-ում, ապա նաև ՀՀ-ում 10 ամիս 6 օր կալանքի տակ գտնվող պաշտպանյալիս խափանման միջոց կալանավորումը:

Պաշտպանյալիս վերագրվող դեպքերը տեղի են ունեցել 2007 թվականին, որից ավելի քան մեկ ամիս հետո նա մեկնել է ՌԴ ու ՌԴ-ում գտնվելու ընթացքում նրա նկատմամբ որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու որոշումներ էին կայացվել ու հայտարարվել էր հետախուզում:

Ի սկզբանե էլ քրեական գործում չկար թեկուզ մեկ անուղղակի ապացույց, որը կհաստատեր, որ այդ անձը կատարել է սպանության փորձ (այն էլ ծանրացուցիչ հանգամանքներում) և պահել է հրազեն, բայց դատարանը նախ՝ 2016 թվականի դեկտեմբերի 19-ին կրկին քննարկման ընթացքում վերահաստատեց կալանքը, ապա՝ 2017 թվականի փետրվարի 13-ին երկարացրեց այն ևս երկու ամիս ժամանակով, ինչին չէին հավատում նույնիսկ մեղադրանքի կողմը:

Սա կարող ենք համարել դատախազության ապտակը հայրենական դատական համակարգի ճակատին:
Կարծում եմ, որ այսպիսի դեպքերում դատավորների վարքագիծը պետք է պարտադիր քննարկման առարկա դառնա ու արժանանա համապատասխան իրավական գնահատականի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել