Հայրն ուզում է վտարել որդիներին խոզանոցից

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նախագահող դատավոր Մանվել Սիմոնյանը շարունակեց հայցվոր Հրանտ Աբրահամյանի ներկայացրած ապօրինի կերպով զբաղեցրած հողատարածքից և կառույցից հարկադիր կերպով վտարելու մասին քաղաքացիական գործի նախապատրաստական նիստը: Հրանտ Աբրահամյանը դատարան ներկայացված հայցադիմումով խնդրել է իր որդիներին` Եղիշե և Միսակ Աբրահամյաններին վտարել իր սեփականությունը հանդիսացող Երվանդաշատ գյուղի տարածքում գտնվող 0,5 հա հողատարածքից և դրա վրա գտնվող խոզանոցից:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանն այս գործով առաջին ատյանի վճիռը բեկանել էր և ուղարկել  Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Պատասխանողներ Եղիշե Աբրահամյանը և Միսակ Աբրահամյանը հակընդեմ հայց են ներկայացրել ընդդեմ Հրանտ Աբրահամյանի՝ փաստացի տիրապետման եղանակով՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը ճանաչելու և այդ հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Հայցվոր Հրանտ Աբրահամյանը դատարանին ներկայացրեց հակընդդեմ հայցադիմումի պատասխանը: Դատարանը, լսելով կողմերին և առաջնորդվելով ՀՀ քաղ. դատ. օր.-ի 149.8 հոդվածի կարգով, որոշեց, որ այլ ապացույցներ, միջնորդություններ և լրացումներ չլինելու պարագայում հետաձգել դատական նիստը և դատաքննությունը նշանակեց հոկտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին

Կողմերը դատական նիստի և ժամվա վերաբերյալ պատշաճ ծանուցվեցին:

 .

Հանրային թղթակից` Արշակ Հովհաննիսյան

Աղբյուրը` Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել