Գազի արտահոսքի աղբյուրը չի գտնվել. կքննարկվի դպրոցում ուսումնական գործընթացը ժամանակավորապես դադարեցնելու հարցը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ.Վարդանյանն այսօր դիմել է Կոտայքի մարզպետին՝ գյուղի դպրոցի աշխատանքները շարունակելու նպատակահարմարության հարցը քննարկելու համար։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Լեռնանիստ գյուղում փետրվարի 14-ին փլուզված շինության հարակից տարածքում «Գազպրոմ» ՀԲԸ  «Կոտայք» ԳԳՄ-ի մասնաճյուղի աշխատակիցների մասնակցությամբ և համապատասխան սարքավորման կիրառմամբ մարտի 1-ին  կատարվել է  տեղանքի զննում՝ ստորգետնյա գազատար խողովակից հնարավոր գազի արտահոսքի ստուգման նպատակով: Արդյունքում պարզվել է, որ փլուզված շինության հետնամասի հատվածում առկա է գազի մեծ արտահոսք։

Հնարավոր վտանգավոր հետևանքներից խուսափելու համար նույն օրը գրություն է ուղարկվել «Կոտայք» ԳԳՄ-ի ղեկավարին՝ տվյալ տարածքի գազամատակարարումն անմիջապես դադարեցնելու համար, ինչպես նաև` լրացուցիչ մասնագետներ տրամադրելու՝ 02.03.2017թ նշված տեղանքում ստորգետնյա գազատար խողովակները հողից մաքրելու, գազի արտահոսքի աղբյուրը պարզելու և տեղում վերացնելու նպատակով:

Համապատասխան մասնագետների մասնակցությամբ այսօր դեպքի վայրում կատարված համապատասխան աշխատանքների արդյունքում չի հաջողվել հայտնաբերել գազի արտահոսքի աղբյուրը, ինչի մասին  քննչական մարմինը տեղյակ է պահել մարզեպետին՝ առաջարկելով քննարկել դպրոցում ուսումնական գործընթացը ժամանակավորապես դադարեցնելու հարցը։ Բացի այդ գրություն է ուղարկվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վարչության նախագահին՝ լրացուցիչ տեխնիկա եւ մասնագետներ տրամադրելու համար։

Հիշեցնենք, որ 2017 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում,  փլուզվել  են Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի միջնակարգ դպրոցի հարևանությամբ գտնվող առևտրի սրահի պատերն ու տանիքը, ինչի հետևանքով նույն գյուղի բնակչուհիներ Ալմիդա Մեսրոպյանը և Անուշ Սարգսյանը մնացել են փլատակների տակ և ստացած վնասվածքներից տեղում մահացել: Եվս երեք հաճախորդ՝  նույն գյուղի բնակիչներ Տաթևիկ Սարգսյանը, Սարգիս Ալոյանը և Հրազդան քաղաքի բնակիչ Արթուր  Ալոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան ԲԿ» ՓԲԸ։

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել