Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, պետք է քննվեր անձնագրի առք ու վաճառքի մեջ ներգրավված 4 մեղադրյալների դեմ հարուցված քրեական գործը:
.
Գևորգ Ավդալյանն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իր անձնագիրը վաճառել է Կարինե Այվազյանին: Դրա համար նրանից ստացել է 15.000 դրամ: Իսկ Կարինե Այվազյանն այն 20.000 ՀՀ դրամով վաճառել է Արմեն Բաղդասարյանին՝ օգուստ ստանալով 5000 ՀՀ դրամ: Իսկ գործով անցնող Հրանտ Պետրոսյանը մեղադրվում է Գևորգ Ավդալյանին նյութապես շահագրգռելու համար, որ վերջինս այն վաճառի վերոհիշյալ անձանց: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:
.
Այս դատավորը ևս Իրավաբան.net-ի լրագրողին չթույլատրեց դատական նիստից լուսանկար անել: Լրագրողի թույլտվության հարցումը կարգադրիչի միջոցով փոխանցվեց դատավորին, Գագիկ Պողոսյանն էլ կարգադրիչի միջոցով փոխանցնեց՝ չի կարելի:
.
Մինչդեռ մենք կարող էինք չհարցնել և ազատ իրականացնել մեր մասնագիտական պարտականությունը, քանի ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը քրեական գործերով դատական նիստը լուսաբանելու կամ տեսանկարահանելու համար որևէ թույլտվություն չի պահանջում: Հետևաբար քրեական գործեր քննվող դատաքննությունները կարող են նկարահանվել և լուսանկարահանվել ազատ:
.
Դատաքննությանը չէին ներկայացել դատախազ Հարությունյանը, մեղադրյալ Հրանտ Պետրոսյանը, վկա Գագիկ Ավդալյանը: Դատախազը նախապես ներկայացրել էր դատարան չներկայանալու մասին հիմնավորում: Հրանտ Պետրոսյանն, օրենքով սահմանված կարգով, ծանուցվել էր դատարան ներկայանալու մասին, սակայն չէր ներկայացել: Իսկ վկա Գագիկ Ավդալյանը եղբոր՝ Գևորգ Ավդալյանի խոսքով՝ հոգեկան հիվանդ է: Դատավորը պահանջեց Գևորգ Ավդալյանից մյուս դատական նիստին խոսքը հաստատող փաստաթուղթ ներկայացնել, իսկ Հրանտ Պետրոսյանին՝ բերման ենթարկել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին:
.
Նունե Հովսեփյան
Աղբյուրը՝ Իրավաբան.net