Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դռնբա դատական նիստում նախագահությամբ` Մ. Սարոյանի շարունակվեց թիվ ՇԴ/0069/01/12 քրեական գործի քննությունը ըստ մեղադրանքի Հովհաննես Բաղդասարյանի ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համար:
Հովհաննես Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներով 2006-2011թ. մարտ ամիսը օգտագործել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր, ստացել կենսաթոշակ` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերի` 3.064.228 դրամ գումար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքը պաշտպանում էր Զինվորական դատախազության դատախազ Հարությունյանը: Դատաքննությանը ներկա էր նաև ամբաստանյալի շահերի պաշտպան Թամարա Յայլոյանը: Դատաքննությանը չէր ներկայացել ամբաստանյալը: Վերջինիս պաշտպանի ներկայացմամբ դատաքննությանը չներկայանալու պատճառը առողջական խնդիրներն են: Ամբաստանյալ Հովհաննես Բաղդասարյանը ունի հոգեկան խնդիրներ և այժմ ստացիոնար բուժում է ստանում Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում, սակայն դատարան չներկայացվեց ոչ մի տեղեկանք այդ փաստը հաստատելու համար:
Մեղադրողը միջնորդեց հետաձգել դատական նիստն ամբաստանյալի դատաքննությանը չներկայանալու պատճառով:
Դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը և գործի քննությունը հետաձգեց: Հաջորդ դատական նիստին կպարզվի` ամբաստանյալն ո˚ւնի հոգեկան խնդիրներ և արդյո˚ք գտնվում է ստացիոնար բուժման մեջ:
Հաջորդ դատական նիստի մասին դատարանը լրացուցիչ կտեղեկացնի կողմերին:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր – Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net